Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով և ինչի՞ հաշվին պետք է կարգավորվեն դրանք։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

«Գտնում ենք, որ այս իշխանությունները նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի շահերը։ Եթե նրանք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, փաստը հետևյալն է․ նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, բայց Հայաստանը նույն Հայաստանը չէ պատերազմից հետո, հետևաբար, նրանք երկիրը տանում են նոր, շատ վտանգավոր մի ցիկլ։ Եթե առաջինի դեպքում իշխանությունների բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ մասի կորուստ, այս պարագայում արդեն Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Դաշնակցությունը մշտապես ըմբռնումով է մոտեցել Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցություններ վարելու Հայաստանի քաղաքականությանը․ «Մենք նախապայման չենք դրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, որից հետո նոր տեղի ունենան բանակցությունները, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի՝ որ իշխանության օրոք կլինի»,- ասաց Սաղաթելյանը։

Ավելի վաղ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր խմբակցություններին կոչ էր արել դիրքորոշում արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ․ «Մեր քաղաքական ուժը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների։ Ես կոչ եմ անում երկու ընդդիմադիր խմբակցություններին դիրքորոշում արտահայտել հետևյալ հարցի շուրջ՝ արդյոք նրանք կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»,- հայտարարել էր Ռուբինյանը։

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում՝ հունվարի 14-ին, որից հետո Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

Մեկնաբանել