Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով. Մամիջանյանը արձագանքեց Ռուբինյանին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հունվարի 18-ին պատասխանեց ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի այն հարցադրմանը, թե ինչ դիրքորոշում ունեն ընդդիմադիր խմբակցությունները Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու հարցում։

«Մեր խմբակցության մաս կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմիցս հայտնել է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խնդիրն այլ է. Թուրքիայի ամենատարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ «Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով»։

«Այդ գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշողլուն (Թուրքիայի արտաքին գործերի նախարար – Գ.Թ.) արդեն իսկ ասել է, որ իրենք յուրաքանչյուր քայլը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ, այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ի վնաս կամ ի հաշիվ»,- նշեց Մամիջանյանը։

Նա նաև նշեց, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ՝ արհամարհելով սփյուռքի կարծիքը, ինչպես նաև լռելյայն կուլ տալով այն բոլոր հանցագործությունները, որ Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում։

«Եվ վերջինը, գուցե ամենակարևորը կարևորությամբ՝ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»,- եզրափակեց իր ելույթը ընդդիմադիր պատգամավորը։

Ավելի վաղ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր խմբակցություններին կոչ էր արել դիրքորոշում արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ․ «Մեր քաղաքական ուժը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների։ Ես կոչ եմ անում երկու ընդդիմադիր խմբակցություններին դիրքորոշում արտահայտել հետևյալ հարցի շուրջ՝ արդյոք նրանք կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»,- հայտարարել էր Ռուբինյանը։

Վերջինիս կոչին ի պատասխան՝ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում՝ հունվարի 14-ին, որից հետո Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել