Արտագաղթի թվերի նրբությունը

արտագաղթ

Հովհաննես Նազարեթյան

Ազգային ժողովի հունվարի 17-ի և 18-ի նիստերին բուռն քննարկում ծավալվեց Հայաստանից արտագաղթի թվերի շուրջ։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները հակասական պնդումներ արեցին արտագաղթի թվերի մասին՝ ներկայացնելով մեծամասամբ իրենց շահեկան տվյալներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ելույթի ընթացքում, խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների մասին, հայտարարեց. «…ձեր իշխանության ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթել են էս երկրից»։

Նրան հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պնդելով, որ իրենց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, որի ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթի ցուցանիշներին։ Ի պատասխան դահլիճից հնչող հայտարարությունների` Նազարյանը պատասխանեց. «Մի աղկմեք, դա փաստ է։ Եթե անհանգիստ եք դրանից, հուզվում եք դրանից, գնացեք արխիվը ուսումնասիրեք»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ-ից արտագաղթել է 285 300 մարդ։

Պապոյանը նաև պնդեց, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Քոչարյանի նախագահության շրջանում դրական հաշվեկշիռ չի գրանցվել։ «Նայում եմ՝ գեթ մեկ տարի չգտա, որտեղ սալդոն դրական է։ Հերթով գնում ենք՝ տարբեր տարիների՝ -30 300, -29 800, -33 400, -34 300 և այսպես շարունակ։ Մեկ դրական սալդո չկա։ Միայն բացասական, որի արդյունքում 285 300 մարդ արտագաղթել է»,- պնդեց Պապոյանը։ Նա ավելացրեց, որ դրական ցուցանիշ եղել է միայն 1991-ին՝ 4 400 և 2020-ին՝ 42 700։ Նույն օրը Պապոյանը ֆեսյբուքյան գրառումով նույն պնդումը կրկնեց։

Փաստացի, պատգամավորները միմյանց հակադարձում են նույն տարիների համար ներկայացնելով տարբեր տվյալներ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNetCheck-ը) փորձեց հասկանալ, թե ինչպես է ստեղծվել վիճակագրական այս խառնաշփոթը։

Սահմանահատումների տվյալները

Անկախությունից ի վեր արտագաղթը եղել է քաղաքական դիսկուրսի ամենաքննարկվող թեմաներից։

Որպես արտագաղթի հիմնական ցուցանիշ հաճախ բերվում է սահմանահատումների հաշվեկշիռը (բալանսը, սալդոն)։ Սա ցույց է տալիս Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը (հաշվեկշիռը) տվյալ ժամանակահատվածում՝ սովորաբար մեկ տարվա ընթացքում։

Վիճակագրական կոմիտեն տարբերի տարիների այս տվյալները հրապարակել է տարբեր հրապարակումներով։

«Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2005» զեկույցի Միգրացիա բաժնում հրապարակված է 1992-2004 թվականների սահմանահատումների տվյալները, իսկ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2010» զեկույցում էլ առկա է 1994-2009 թվականների տվյալները։

2010-ից արդեն Հայաստանի սահմանային անցակետերում ներդրվել է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը, որի համար պատասխանատու է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Այդ ժամանակվանից Վիճակագրական կոմիտեն սկսել է օգտվել ՍԷԿՏ համակարգից։

2010-ից սկսած՝ Վիճկոմիտեն տվյալները հրապարակում է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» զեկույցների «Ժողովրդագրական իրավիճակը» բաժնում։ Այդ ժամանակվանից ունենք հետևյալ պատկերը․

Loading...

Loading…

Համադրելով վերը նշված հրապարակումներում տեղ գտած սահմանահատումների (մուտքերի և ելքերի) հաշվեկշռի տվյալները, ստացվում է հետևյալ պատկերը․

Loading...

Loading…

Փաստորեն, անկախությունից ի վեր սահամանահատումների դրական հաշվեկշիռ (ավելի շատ ժամանում, քան մեկնում) ունեցել ենք 2004, 2005, 2006 և 2018, 2019, 2020 թվականներին։

Միգրացիայի մնացորդ

Սահմանահատումներից բացի կա մեկ այլ ցուցանիշ, որն արտացոլում է արտագաղթի պատկերը։ Դա միգրացիայի մնացորդն է։ Այն հաշվարկվում է գրանցվածների և գրանցումից դուրս եկածների Ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա և ճշգրտվում մարդահամարների արդյունքների հիման վրա։ Բայց քանի որ քաղաքացիները հիմնականում բնակության վայրը փոխում են առանց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը («ՕՎԻՌ») տեղեկացնելու, Վիճկոմիտեն 2013-ից սկսած օգտագործում է նաև տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության արդյունքներով ստացված միգրացիայի գնահատականները:

Այսպես, Վիճկոմիտեի պատրաստած «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2021» զեկույցի համաձայն՝ Հայաստանում անկախությունից ի վեր միգրացիայի դրական մնացորդ գրանցվել է միայն երկու տարի։ Դրանք են՝ անկախացման տարին՝ 1991-ը (+4 400) և 2020-ը (+3 400)։ Մնացած բոլոր տարիներին Հայաստանում գրանցվել է միգրացիայի բացասական մնացորդ։ Ի դեպ, 2020-ի դրական միտումը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով ՀՀ քաղաքացիների վերադարձով։

Loading...

Loading…

Ստուգելով ԱԺ-ում հնչեցրած պնդումները

Այսպիսով, եթե հիմք ընդունենք միգրացիայի մնացորդը, Վաղարշակ Հակոբյանի պնդումը, թե Քոչարյանի նախագահության շրջանում հարյուր հազարավոր մարդիկ են արտագաղթել, ճիշտ է։ Ըստ Վիճկոմիտեի 1998-2007 թվականների տվյալներով՝ միգրացիոն մնացորդը կազմել է -251 000 մարդ։ Իսկ սահմանահատումների հաշվեկշիռը նույն ժամանակահատվածում՝ -129 100։

Գեղամ Նազարյանի պնդումը, թե Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, որի կառավարման ընթացքում ներգաղթը գերազանցել է արտագաղթին, սխալ է։ Եթե հիմք ընդունենք սահմանահատումները, ապա դրական հաշվեկշիռ է եղել նաև 2018, 2019 և 2020 թվականներին՝ Փաշինյանի կառավարման օրոք։ Իսկ եթե հիմք ընդունենք միգրացիոն մնացորդը, ապա Քոչարյանի նախագահության շրջանում դրական հաշվեկշիռ չի եղել, իսկ Փաշինյանի օրոք՝ միայն 2020-ին։

Ինչ վերաբերում է Պապոյանի պնդումներին, ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը դրանց կանդրադառնա առանձին հոդվածով։

Փաստացի, Ազգային ժողովում խառնաշփոթի պատճառն արտագաղթը արտացոլող երկու ցուցանիշների անհամադրությունն է։ Եվ պատգամավորները ներկայացնում են այն ցուցանիշները, որոնք ձեռնտու են իրենց քաղաքական ուժերին։

Ի դեպ, Վիճակագրական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ միգրացիայի մնացորդն է արտահայտում արտագաղթի (և ներգաղթի) միտումները, այլ ոչ թե սահմանահատումները։