Անվճար բժշկություն, ներված վարկեր, սոց․ հատուցումներ․ դրվագներ Արցախի պետնախարարի ասուլիսից

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Հունվարի 18-ին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտում հրավիրած ասուլիսին ամփոփեց անցած 2021 թվականը, պատասխանեց լրագրողների հարցերին։ ՍիվիլՆեթը Բեգլարյանի հայտարարություններից առանձնացրել է մի քանիսը։

Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին

«Սահմանադրական փոփոխությունների քննարկումներ տարբեր շրջաններում եղել են՝ անմիջապես պատերազմից հետո, նախորդ տարվա ընթացքում, վերջին շրջանում հատկապես՝ դեկտեմբերին նախագահի ուղերձով պայմանավորված։ Իմ կարծիքով, վաղ թե ուշ սահմանադրական փոփոխություններ տեղի են ունենալու։ Այս պարագայում որոշումը նախագահինն է, թե երբ դրանք կմեկնարկեն։ Հիմնական հարցը, իմ կարծիքով, պետք է լինի Ազգային ժողովի ու նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը, որովհետև հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ միաժամանակյա ընտրությունների անցկացումը հղի է լուրջ վտանգներով։ Իսկ առանձնացված ընտրությունների անցկացման պարագայում այդ վտանգների մի մասը կարող են չեզոքանալ։ Իմ կարծիքով՝ սկզբում պիտի տեղի ունենան խորհրդարանական ընտրություներ, հետո նոր նախագահական»։

«Մեկ այլ հարց, որը տարբեր քննարկումների փուլում է, կառավարման մոդելն է։ Տարբեր տեսակետներ կան, դեռևս որևէ որոշում չկա»։

«Չեմ բացառում ընտրություններին իմ մասնակցությունը՝ հաշվի առնելով որ ակտիվ պետական գործիչ եմ, բայց դրա մասին խոսելը դեռևս վաղաժամ է։ Չեմ բացառում մի քանի գործոններով պայմանավորված՝ առաջին գործոնը ասելիքի և անելիքի առկայությունն է, այս մասով հաշվի առնելով իմ փորձառությունը, կրթությունը, անցած ճանապարհը, կարծում եմ՝ և՛ ասելիք, և՛ անելիք ունենալու եմ»։

Շիրակացու ճեմարան կլինի նաև Արցախում

Բեգլարյանը նշեց, որ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը մասնաճյուղ կունենա Արցախում։ Անդրադառնալով կրթության ոլորտին՝ նա ասաց, որ կրթության ոլորտում բյուջեն 2022-ին ավելացել է 17,6 տոկոսով, որով նախատեսվում է ուսուցիչների ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով:

Անվճարունակ վարկառուների մոտ 10 մլրդ դրամի վարկ է փոխհատուցվել

Պատերազմի հետևանքվ դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված ֆինասնական ծագիր է իրականացվում, որի արդյունքում Արցախի ներդրումային հիմնադրամն արդեն ստացել է 46 956 հայտ, որից 8 352-ը բավարարվել է՝ ավելի քանի 10 մլրդ դրամի շրջանակում։

Նյութական վնաս կրած անձանց ուղղվել է 6,722 մլրդ դրամ

Նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 1-ի դրությամբ ստացած 9 300 հայտից 1 349-ը բավարարվել է, ընդհանուր՝ 6,722 մլրդ դրամի չափով։ Այդ գումարից 2,667 մլրդ-ը կանխիկ գումար է, 4,54 մլրդ-ն՝ մուրհակի տեսքով։ Մինչև 5 մլն դրամի չափով կանխիկ է տրամադրվում, 5 մլն-ից բարձրը (պարտավորությունների ու վնասների մասով) տրամադրվում է մուրհակի տեսքով։ Այդ կանխիկ գումարից (2,667 մլրդ-ից) արդեն 1,5 մլրդ-ն տրամադրվել է, իսկ մուրհակից ( 4,54 մլրդ-ից) արդեն 2 495 մլրդ-ը ֆինանսների նախարարությունը տրամադրել է քաղաքացիներին։ Այս տարվա ընթացքում ավելի մեծ չափով հայտեր կհաստատվեն ու գումարներ կտրամադրվեն քաղաքացիներին։

Հունվարի 1-ից Արցախում առողջապահությունն անվճար է

Այս տարվանից պետական բյուջեում արդեն նախատեսվել է ոլորտի բյուջեն ավելացնել 23,6 տոկոսով․ այն կկազմի 15,5 մլրդ դրամ։ Նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրի համաձայն՝ հունվարի 1-ից ոլորտը անվճար է դարձել, վճարովի որևէ ծառայություն չկա։ Սակայն կան ծառայության այնպիսի տեսակներ, որոնք բժիշկը չի կարգադրում, այլ բուժառուն է ցանկանում, այդ դեպքում այն վճարովի կարող է լինել։

Տեղահանվածների կարգավիճակի հարցը

Նախագծերը մշակման փուլում են, տեղահանված անձինք պետք է ուենան կարգավիճակ, որպեսզի մնացած հարցերը կարգավիճակի հիման վրա իրականացվի։

Արցախցիներին շենգենյան վիզա չտրամադրելու լուրերի մասին

Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնում

Մեկնաբանել