Արցախում կարող են սահմանադրական փոփոխություններ արվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է սահմանադրական հնարավոր փոփոխությունների հարցը:

Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը:

«Նախագահը նշել է, որ պատերազմի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական կառավարման մարմինները շարունակում են Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա իրականացնել իրենց լիազորությունները, սակայն պետական ինստիտուտների՝ ավելի արդյունավետ և նոր խնդիրներին ու մարտահրավերներին համահունչ դիմակայելու համար քաղաքական շրջանակների կողմից կա առաջարկություն Մայր օրենքում որոշ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Նախագահը շեշտել է, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումները մշակվելու են բացառապես Արցախի անկախության միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անզիջում կուրսի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։

Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Արցախում հանրային խորհրդի ստեղծման հարցին․ «Ապաքաղաքական այս մարմինը ձևավորվելու է հանրության շրջանում հարգանք և վստահություն վայելող, համապատասխան մարդկային որակներ ու գիտելիքներ ունեցող հասարակական հատվածի ներկայացուցիչներից և միտված է լինելու պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել