Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճում է

Հայաստանում հունվարի 18-ին կատարվել է 5 285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 38 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ Մասնավորապես, այդ ընթացքում փաստացի բուժվողների թիվն ավելացել է մոտ 2000-ով։ Եթե հունվարի 4-ին փաստացի բուժում էր ստանում 3 429 մարդ, ապա հունվարի 19-ին նրանց թիվը 5 412 է։

Հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 708 դեպք, որոնցից 333 754-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 654 537 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 5 412 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 025 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 348 708 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 015 592 դեպքով, Ադրբեջանը 62-րդ տեղում է՝ 627 015 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 591 757 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 227 849 դեպքով:

Մեկնաբանել