Հայաստան է ժամանել Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետը

Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Դեմոկրիտոս Զերվակիսը հանդիպել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

«Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով: Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Սուրեն Պապիկյանը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել Հայաստանի մի շարք զորամասերում: