Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի թեմայով պարզաբանումներ է ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ որոշ պարզաբանումներ ներկայացնելով Քրիստոսի արձանի թեմայով։ Օրեր առաջ Ծառուկյանը հանդես էր եկել Հայաստանում Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությամբ, ինչը հանրային լայն արձագանք էր ստացել։

«Ոմանք ասում են Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։ Իհարկե կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան»,- նշում է նա։

Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է, որ իրականացրել է խոշոր սոցիալական բնակարանաշինության ծրագիր, ստեղծել է ձեռնարկություններ, «օտարերկրյա ներդրողներին բերել է Հայաստան»։

«Կարող եմ թվարկել ձեռնարկությունների ցանկը, որոնք ես փորձել եմ կառուցել, որոնց կառուցումը սկսել էի, բայց որոնք արհեստական ստեղծված խոչընդոտներով չեն իրականացվել։ Հայաստանին պետք են օտարերկյա ներդրումներ. այո՛, իհարկե պետք են, օդ ու ջրի պես։ Ոչ ոք Հայաստանում չի ուզում ներդրում անել, իսկ առանց դրա տնտեսության զարգացում հնարավոր չէ։ Իմ հեղինակությամբ, իմ կապերով Հայաստան եմ բերել խոշոր ներդրողների, ովքեր պատրաստ էին աննախադեպ լուրջ գումարներ ներդնել։ Ո՞վ լուրջ զբաղվեց, ո՞վ աշխատեց հետները, ո՞վ մի հարցով օգտակար եղավ։ Ինչ տեսան այդ մարդիկ՝ անլուրջ վերաբերմունքն էր ու էժան հումորի փորձերը։ Նրանք էլ թողեցին գնացին։ Ասեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել»,- ասված է նրա հայտարարությունում։

Արձանի փոխարեն այլ խնդիրներ լուծելու փաստարկներին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը նշում է, որ իր հիմնադրամի միջոցով հազարավոր մարդիկ բուժվել, կառուցվել և վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ․ «Չեմ պատասխանի մի հարցադրման՝ արձանի փոխարեն օգնեիք բանակին կամ Արցախին։ Թե որքանով եմ կարողացել օգտակար լինել թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, բարձրաձայն ասելու թեմա չէ։ Ես ինձ դա թույլ չեմ տա։ Բայց Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն»։

Ծառուկյանի նախաձեռնությանը դեմ էր արտահայտվել նաև Հայ առաքելական եկեղեցին՝ նշելով, որ դա Հայ եկեղեցու ավանդությանը հարիր չէ․ «Խորապես հարգելով հայ առաքելական եկեղեցու կանոնները և մեր եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Տարիների ընթացքում կառուցել եմ յոթ և վերակառուցել եմ մոտ երկու տասնյակ եկեղեցի։ Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է հանրային արձագանքներին, թե արձանը միայն տուրիստական հետաքրքրության կոթող կարող է դառնալ, Ծառուկյանը նշում է՝ «ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը»։ Այնուհետև հարց է բարձրացնում՝ «Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր»։ Ըստ Ծառուկյանի՝ «այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել արձանի տեղադրման գաղափարին։

«Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին»,- ասված է ԲՀԿ ղեկավարի հայտարարության մեջ։

Հայաստանում Քրիստոսի արձան կառուցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսահոլովակում․

Մեկնաբանել