Ընդդիմությունը կողմ քվեարկեց զոհված զինածառայողներին առնչվող՝ ՔՊ նախագծին

Ազգային ժողովը հունվարի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որն առնչվում էր զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այս նախագծին կողմ քվեարկեց նաև խորհրդարանական ընդդիմությունը։

«Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծով ընդլայնվում է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու հանդիսացող անձանց շրջանակը։

Փաստաթղթում նշվում է, որ այս պահին 16 դեպք է առկա, երբ օրենքով նախատեսված շահառուները՝ ամուսինը, զավակը (զավակները) ու ծնողը (ծնողները) բացակայում են, ինչի պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումն այդ զինծառայողների մասով չի կատարվում։ Ըստ նախագծի հեղինակի՝ նույն այս դեպքերով զոհված զինծառայողներն ունեն քույրեր, եղբայրներ, տատ կամ պապ։

Այնպես որ հեղինակի առաջարկով գործող օրենքով նախատեսված շահառուների շրջանակի բացակայության դեպքում հիմնադրամը գումարը կփոխանցի զոհված զինծառայողի ընտանիքի մյուս անդամներին։