Թյուրըմբռնում կա. Երևանի պատասխանը Բաքվին՝ սահմանազատման վերաբերյալ

Հայաստանը «թյուրըմբռնում» է համարում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, թե պաշտոնական Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատում սկսելու հարցում:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության առաջարկներին, հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում:

Այդ հայտարարությանը Արմենպրեսի հարցմանն ի պատասխան՝ արձագանքել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի:

Խոսքը, ինչպես նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը, պայմանավորվածությունների մասին է: «Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»», – հիշեցրել է Հունանյանը:

Այս պայմանավորվածությունը, նրա խոսքով, վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:

«Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների», – եզրափակել է Վահան Հունանյանը:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հունվարի 19-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին, ինչպես նաև միջնորդավորված Ադրբեջանին։

Մինչ այդ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտնել սահմանազատման վերաբերյալ պաշտոնական Երևանի առաջկների մասին: Լավրովը նաև հայտնել էր, որ Ռուսաստանը ուզում է արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, որը, դիվանագետի խոսքով, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։

Մեկնաբանել