Դատախազությունը չի հաստատել Արամ Հարությունյանի գործը՝ 14 մլն դոլար կաշառք ստանալու վերաբերյալ

Արդեն երեք տարի հետախուզվող՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը դատախազությունը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն հանցագործությունների համար, նա անցնում է աննախադեպ չափի՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործով։ Տեղեկությունը, որ Հարությունյանի գործը չի հաստատվել, ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Այլ մանրամասներ այս պահին դատախազությունը չի տրամադրում։

Ավելի վաղ դատախազությունը չէր հաստատել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն Գասպարյանին մեղադրանք էր առաջադրել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար։

Արամ Հարությունյանի մեղադրանքը կառուցվել է գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարության հիման վրա։ 2018-ի հեղափոխությունից հետո վերջինս պնդել էր, թե 2008-ին կաշառք է տվել բնապահպանության նախարարին, որպեսզի առանց որևէ խոչընդոտի իրեն տրամադրեն հանքեր շահագործելու արտոնագրեր։

Գևորգ Թոսունյան