ԱԺ պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատում

Հունվարի 19-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

«Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի եւ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Քննարկվել են նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր»,- ասված է ԱԺ հաղորդագրությունում։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու նախանշել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն եւ առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին եւ նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան բանաձեւի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար:

Նույն օրը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի եւ հանրապետական Քրիս Սմիթի հետ:

«Ողջունելով պատվիրակության անդամներին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նշել է, որ իրենք 2018 թվականից ի վեր առանձնակի ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու այդ բարեփոխումներին:

Հանդիպմանը քննարկվել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերների խնդրանքով Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանային անվտանգության, հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծման եւ Ադրբեջանում պահվող պատանդների հայրենադարձման հարցերին:

Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եւ մասնավորապես իրենց հանձնաժողովը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով եւ կարծում է, որ նրանք պետք է անհապաղ հայրենիք վերադարձվեն:

Հանձնաժողովի նախագահը հանդիպմանը շեշտել է, որ չափազանց կարեւոր է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը եւ խնդրի տեւական կարգավորմանը: Միացյալ Նահանգները մեծապես կնպաստի դրան՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»,- տեղեկացնում է ԱԺ կայքը։

Մեկնաբանել