Միջնորդների այցերի վերսկսման հարցում ակնկալում ենք Բաքվի և Երևանի պաշտոնական արձագանքը․ Զախարովա

Ադրբեջանից և Հայաստանից ակնկալում ենք պաշտոնական արձագանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ համանախագահներին ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվել թույլ չի տալու հայտարարությանը, Մարիա Զախարովան նշեց․ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանն աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին իր մանդատին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք առաջացել են 2020-ից հետո»։

Նրա խոսքով՝ այդ դիրքորոշմանը լիովին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

«Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ։ Հիշեցնեմ՝ այդ փաստաթղթում Բաքվին և Երևանին կոչ է արվել մոտ ժամանակներս ընդունել համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց իրավիճակը տեղում գնահատել, շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար նախաձեռնությունների իրականացման գործում»,- ասաց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ 2021-ի սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած շփումների արդյունքում համանախագահները 2021-ի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին են փոխանցել «հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկներ՝ հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ»: Ըստ Զախարովայի՝ առաջարկներն ուղղված են հրատապ խնդիրների, հումանիտար հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։

***

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տալու համանախագահներին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, ըստ նրա, «լուծված է»։

«Այն, ինչ նրանք [ԵԱՀԿ Մինսկի խումբը] չպետք է անեն, ես կարող եմ ասել՝ նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Նրանց փոխարեն մենք լուծեցինք այս խնդիրը: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված»,- ասել է Ալիևը: Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ճնշելու է Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։

Մեկնաբանել