Սահմանված է Ղարաբաղ այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին․ Զախարովա

lachin

Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ նաև սահմանված է օտարերկրյա քաղաքացիների և միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների կարգը։

«Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին»,- ասաց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը:

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 13-ին Բաքվում մի քանի տեղական հեռուստատեսությունների հետ հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Բաքուն բազմիցս պահանջներ է ներկայացրել ռուսական կողմին խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող «ադրբեջանական տարածքներ ապօրինի այցերի վերաբերյալ»։

«Մենք մեկ անգամ չէ, որ պաշտոնապես դժգոհություն ենք հայտնել անօրինական այցերի կապակցությամբ։ Նման քայլեր ձեռնարկվեցին նաև Վալերի Պեկրեսի [Ֆրանսիայի նախագահի թեկնածու] անօրինական այցի ժամանակ»,- ասել էր նա։

Ալիևն ասել էր, որ եթե Բաքուն իմանար այդ «անօրինական այցի մասին, ապա Պեկրեսն ու նրա ուղեկիցները դուրս չէին գա Ադրբեջանի տարածքից»։

Մեկնաբանել