Արտերկրում աշխատող դիվանագետների փոխհատուցման չափը կավելանա

Հայաստանի՝ արտերկրում աշխատող դիվանագետների փոխհատուցման չափը կմեծանա։ Որոշումն ընդունվեց հունվարի 20-ի կառավարության նիստում։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով փոփոխությունը, ասաց, որ արտերկրում աշխատող դիվանագետներին տրվող փոխհատուցումը շատ դեպքերում այդ երկրում առկա կենսամակարդակին ու ծախսերին չի համապատասխանում։ Տրվելիք փոխհատուցման չափը հաշվարկվել է՝ ըստ ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսի, որն իր հերթին հիմք է ընդունում Նյու-Յորքում առկա գներն ու կենսամակարդակը։

Նյու-Յորքում առկա գները հիմք ընդունելով, ըստ Միրզոյանի, ստեղծվել է ազգային ինդեքս, որով էլ դիվանագետները կփոխհատուցվեն։ Միրզոյանը հիշեցրեց, որ նման ինդեքս մշակվել էր նաև երկու տարի առաջ, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսն ու պատերազմը՝ փոփոխությունը չկատարվեց։

Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ իրենց քննադատում են սոցիալական ավելի մեծ ծախսեր չանելու համար, բայց արտերկրում աշխատող դիվանագետների փոխհատուցման չափի ավելացումը ինստիտուցիոնալ պետություն կառուցելու քայլերից է. «Օրինակ նույնն է՝ Օլիմպիական խաղերի ուղարկենք վազորդի մեկ մարզակոշիկով ու ասենք՝ պիտի մրցակցես ու մեր դրոշը բարձր պահես»,- համեմատելով դիվանագետների աշխատանքի հետ՝ ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ նմանաբնույթ որոշումները կայացվում են իշխանության քաղաքական կապիտալի հաշվին։

«Մենք դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում ունենք խորշեր, դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որ անհատների գրպանից են ֆինանսավորվել, ասենք՝ ասում են դեսպանատան հարցերը լուծում է այս մարդը հայտնի կամ անհայտ և այլն»,- նշեց Փաշինյանը։

Մեկնաբանել