Գուրգեն Արսենյանի՝ Nasdaq-ի արժեթուղթը, փոխառությունն ու կահույքի թանկարժեք հավաքածուները

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը 300 հազար դոլարի փոխառություն է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, վառելիքի շուկայում խոշոր խաղացող «Մաքսհուր» ՍՊԸ-ի սեփականատեր Հարություն Փամբուկյանին։ Այս մասին նշված է Արսենյանի 2021-ի հայտարարագրում՝ ԱԺ-ում պաշտոնը ստանձնելիս։ Հայտարարագրից, սակայն, պարզ չէ, թե երբ է Արսենյանը այս գումարը հանձնել Փամբուկյանին։

Ընդհանուր առմամբ, պատգամավորը շուրջ 60 մլն դրամի և ավելի քան 2,6 մլն դոլարի փոխառություն է հանձնել տարբեր անձանց ու ընկերությունների՝ հիմնականում իր հետ փոխկապակցված․ այս գումարի առյուծի բաժինը պատգամավորի ամերիկաբնակ որդու՝ Բաբկեն Արսենյանինն է՝ 1,1 մլն դոլար։ Ի դեպ, պատգամավոր ընտրվելուց հետո Արսենյանը անդրադարձել էր որդու ճակատագրին և հայտնել, թե վերջինիս «տնտեսական գործունեության մանրամասներին չի տիրապետում»։

Արսենյանի միայն ավագ որդին չէ, որ Միացյալ Նահանգներում գործունեություն է ծավալում, նույն ինքը՝ ՔՊ-ական պատգամավորը, ըստ հայտարարագրի, 2020-ին 8 մլն դոլարով գնել է արժեթուղթ, որի հասցեն Նյու Յորքի Nasdaq-ն է։

Գուրգեն Արսենյանի թանկարժեք գույքերի շարքում տեղի է ունեցել հետաքրքիր փոփոխություն։ 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ հայտարարագիր ներկայացնելիս նա նշել էր, թե ունի երկու ժամացույց, որոնցից մեկը՝ ավելի քան 51 մլն դրամ, իսկ մյուսը՝ 82 մլն, ոսկյա ձուլակտոր՝ ավելի քան 32 մլն դրամ արժողությամբ, ինչպես նաև երկու տասնյակի հասնող թանկարժեք նկարներ։ 2021-ի հայտարարագրում տեսնում ենք լրացված թանկարժեք գույքերի ավելացում, ինչը բացակայում էր արտահերթ ընտրություններից առաջ ԿԸՀ-ին ներկայացրած փաստաթղթում։

Մասնավորապես, Արսենյանը հայտարարագրել է 110 մլն դրամ արժողությամբ խոհանոցի կահույքի հավաքածու, հեռուստացույց՝ 5 մլն-ով, հեռադիտակ՝ 8 500 դոլարով։ Բացի այդ, նա 1995-ին գնել է ճաշի սպասքի անվանական հավաքածու 70 հազար դոլարով ու ճաշասենյակի կահույքի հավաքածու 300 հազար դոլարով, իսկ դրանից երեք տարի անց՝ արծաթյա սպասքի հավաքածու՝ 48 հազար դոլարով։ 1996-ին Արսենյանը 235 մլն դրամով ձեռք է բերել նկարների հավաքածուներից մեկը։

2021-ի մայիսի 1-ի դրությամբ Արսենյանն ուներ 26,5 մլն դրամ, 11 մլն դոլար ու 140 հազար եվրո, ամիսներ անց՝ հոկտեմբերին, ուներ շուրջ 5 մլն դրամ ու 700 հազար դոլար։

Արսենյանը ութ ընկերություններում ունի տարբեր չափերի փայեր, բաժնետոմսեր ու բաժնեմասեր։ Նա իր ավտոպարկը թարմացրել է 2020-ին՝ 2018-ի արտադրության թանկարժեք Nissan ու 2019-ի Bentley գնելով, իսկ մինչ այդ՝ 2014-ին գնել էր նույն տարեթվի արտադրության Range Rover, իսկ 2015-ին՝ Mercedes-Benz։

Գուրգեն Արսենյանի անշարժ գույքերը երկու տասնյակ են՝ Երևանում և մարզերում։

Գևորգ Թոսունյան