Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ

Հունվարի 21-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնը:

«ԱԽ քարտուղարը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի ժողովրդավարացման և տարածաշրջանի անվտանգության պահպանման գործընթացներում: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը»,- ասված է հաղորդագրությունում։

Իզաբել Դյումոնը և Տոյվո Կլաարը ընդգծել են, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:

Մեկնաբանել