Սիսիան Պօղոսեանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիսիան Պօղոսեանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը մոտ մեկ տարի է՝ թափուր էր։ Կոմիտեի նախկին պետ Սուսաննա Սաֆարյանը պաշտոնից ազատվել էր 2021-ի փետրվարի 4-ին։

Արմենպրեսը գրում է, որ Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ և կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: Սիսիան Պօղոսեանը 15 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում՝ հիմնականում գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման և մարքեթինգի ասպարեզում:

2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։

Վերջին երկու տարիներն եղել է Տորոնտոյում, գործել է որպես անհատ ձեռնարկատեր: Նա որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում: