Հայաստանն ու «Ռոսատոմը» նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու մասին հուշագիր են ստորագրել

Մեծամորի ատոմակայան

Հայաստանը «Ռոսատոմի» հետ քննարկում է ռուսական արտադրության ցածր հզորության ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) կառուցման հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Ռոսատոմ» պետական կոորպորացիայի և Հայաստանի ԱԷԿ-ի ղեկավարության՝ ատոմային էներգաբլոկներ կառուցելու համագործակցության մասին ստորագրած հուշագիրը։

«Փոքր կայանների հարցը քննարկվել է։ Զանգեզուրում՝ «Գեոպրոմայնինգի» համար նման կայանի կառուցման հավանականություն կա»,- ասել է Մարտիրոսյանը:

Ռուս միլիրադատեր Ռոման Տրոցենկոյի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2021-ի սեպտեմբերին Հայաստանի կառավարությանն է փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ իրեն պատկանող բաժնեմասի 25 տոկոսը (ընդհանուր բաժնետոմսերի՝ 15 տոկոսը): Կոմբինատը գտնվում է Քաջարանում: Հանքի պաշարների ապահովվածությունը կազմում է մոտ 150 տարի։

Հունվարի 20-ին Դուբայի Էքսպո-2020 ցուցահանդեսում «Ռոսատոմի» և Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել գործող հայկական ԱԷԿ-ի փոխարեն, որը պետք է շահագործումից դուրս բերվի մոտավորապես 2036 թվականից հետո, ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցում համագործակցության մասին։

Նոր կայանը, Մարտիրոսյանի խոսքով, պետք է լինի 500-600 ՄՎտ-ից ոչ պակաս հզորությամբ։ Սակայն, նշել է նա, չի բացառվում, որ ավելի հզոր կայանի՝ 1 200 ՄՎտ գումարային հզորությամբ երկու բլոկների կառուցման հարց առաջանա։ Դա կախված է էներգասպառման մակարդակից, որը կձևավորվի այդ ժամանակ, և հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման ընդլայնման հնարավորությունից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ «Ռուսատոմ Օվերսիզ» ընկերության նախագահ Եվգենի Պակերմանովը նշել է, որ ժամանակակից ռուսական ատոմային տեխնոլոգիաների օգտագործումը կայուն էներգաապահովման անբաժանելի մասն է աշխարհի շատ երկրներում։ «Վստահ եմ, որ նոր ատոմային Էներգաբլոկների կառուցման հետագա համագործակցությունը կարևոր գործոն կլինի ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման և բարեկեցության աճի համար, այլ նաև մեր երկու երկրների միջև բարիդրացիական ամուր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ստորագրման արարողության ժամանակ ասել է Եվգենի Պակերմանովը։

Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը ուշադիր հետևում է ապակարբոնացման ոլորտում համաշխարհային միտումներին և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը: «Հայկական ԱԷԿ-ը արտադրում է ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը երկրում և 1977 թվականից հանդիսանում է էներգիայի մաքուր և հուսալի աղբյուր։ Նրա շահագործման ժամկետը լրանալուց հետո մենք ցանկանում ենք հետագայում էլ ատոմային էներգետիկա ունենալ երկրի էներգահաշվեկշռում, ուստի առաջին հերթին դիտարկում ենք ժամանակակից ռուսական ատոմային տեխնոլոգիաները, որոնք աշխարհում առաջավորն են», – ասել է նա։

***

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը վերջին տարիներին «Ռոսատոմի» աջակցությամբ իրականացրած վերզինումից հետո երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ Հայաստանի կառավարությունը, սակայն, քննարկում է ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու տարբերակը:

Մեկնաբանել