Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին․ «Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում Ռուսաստանի նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ»։

«Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երեկ՝ հունվարի 20-ին, ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Մեկնաբանել