Դինքը ծիլ էր, որը վաղը մեզ փրկելու է և հեշտացնելու Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը. Աքչամ

Պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում մանրամասն նկարագրում է Հրանտ Դինքի կերպարը՝ թվարկելով այն փոփոխությունները, որոնք եղել են Թուրքիայում Դինքից հետո: Աքչամն ասում է, որ Հրանտ Դինքին պետք է հռչակել «Հանրապետության հիմնադիր»՝ պնդելով, որ հակառակ պարագայում Թուրքիայում երբեք ժողովրդավարություն չի հաստատվի: Նա նաև զուգահեռներ է անցկացնում Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության միջև, վերլուծում այնտեղ ապրող ժողովուրդների կարգավիճակը: Աքչամը Թուրքիայի ամենամեծ խնդիրը համարում է դասակարգային անհավասարությունը, որն ըստ նրա՝ առկա է մինչ օրս:

Դոկտոր Աքչամ, լրացավ Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցը: Ակնհայտ է, որ սպանության գործով դատավարությունն ամբողջովին քաղաքական ենթատեքստ ունի, և դրա միջոցով հնարավոր չէ հասնել ճշմարտության և արդարության։ Նույնիսկ խեղաթյուրված այս գործընթացները ազդեցություն թողե՞լ են Թուրքիայի մտավորական, քաղաքական շրջանակների ներսում։

Չենք կարող ասել, որ այն ազդել է միայն մտավորական շրջանակաների վրա․ այն իր հետքն է թողել ամբողջ Թուրքիայում: Կարծում եմ՝ Հրանտ Դինքի դատավարությունը կամ Դինքի սպանությունը երկրաշարժ է հիշեցնում․ Թուրքիան մինչև Հրանտ Դինքը և նրանից հետո տարբերվում է:

Լայն լսարանի համար, կուզեմ ասել, Թուրքիայում մեծ թվով քաղաքական ոճրագործություններ են եղել, շատ լրագրողներ են սպանվել, ինչը հատուկ է Թուրքիայի պատմությանը: Սակայն ոչ մի սպանված մարդ Հրանտ Դինքի նման վճռական, համառ, ինչպես նաև ծայրաստիճան գիտակից ձևով չի հիշվում: Արդեն 15 տարի է, ինչ Թուրքիայում մի խումբ մարդիկ, որոնք Թուրքիայի երակն են, չեն ցանկանում մոռանալ Հրանտ Դինքին, ինչը շատ կարևոր իրողություն է: Եվ, անշուշտ, քանի դեռ քաղաքական ուժերը պահպանում են ղեկավարման կառուցվածքը, սպանության իրական պատվիրատուները ո՛չ կբացահայտվեն, ո՛չ էլ արդարություն կհաստատվի, քանի որ Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի Հանրապետության ամենակազմակերպված ոճրագործությունն է: Չկա մի պետական կառույց, որը մասնակից չէ այդ ոճրագործությանը: Այդ ոճրագործությանը չմասնակցած պետական կառույց չկա, և արդարություն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան փոխվի:

«Բիանեթ» կայքում լույս տեսած «Նոր Հանրապետության հիմնադիր Հրանտ Դինք» խորագիրը կրող Ձեր հոդվածում, որը նվիրել եք Դինքի հիշատակին, շատ կարևոր հարցեր եք օրակարգ բերում: Մասնավորապես, ասում եք, մեջբերում եմ․ «Հրանտ Դինքին սպանած սերմերը ցանվել էին այս Հանրապետության հիմնարար փիլիսոփայության և hիմնարար սկզբունքների հետ: Հրանտ Դինքը սպանվեց, քանի որ նա հարցականի տակ դրեց այս հանրապետության հիմնարար սկզբունքները»: Բացի այդ, նշում եք, որ «մինչև Հրանտ Դինքը չհռչակվի հանրապետության հիմնադիր, հանրապետությունը չի կարող ժողովրդավարության ուղին բռնել»: Դուք հոդվածում այլ հիմնադիրների անունների կողքին հատկապես շեշտում եք Հրանտ Դինքի գործոնը: Ըստ Ձեզ, ո՞րն է Դինքի գաղափաների յուրահատկությունը․ և ի՞նչ է նրան մյուսներից տարբերում:

Հավանաբար, ամենաամփոփ բացատրությունը Մարտին Լյութեր Քինգն է: Ամերիկայում ի՞նչ են պատկերացնում Մարտին Լյութեր Քինգ ասելով․ Հրանտ Դինքն այդ է: Ամերիկայի օրինակը շատ լավն է, շատ հեշտ է բացատրել, և դրա համար կհիշատակեմ: Ամերիկան ձևավորվել է օտար զավթման՝ անգլիացիների դեմ պայքարում, որտեղ գերիշխում էին հակակայսերապաշտական միտումները, ինչի արդյունքում նրանք իրենց երկիրը հռչակեցին ժողովրդավարական: Սակայն ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից շատերը ստրկատերեր էին, ինչպես օրինակ Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը և այլք: Դրա հետևանքով Միացյալ Նահանգների Սահամանդրությունում 1776 թվականին ստրկությունը որպես ինստիտուտ տեղ գտավ, և մինչև 1850-ականներ ստրուկների առևտուրն ազատ էր: Հետևաբար՝ եթե ընդունենք և ճանաչենք 1770-ականների Ամերիկան՝ նրա հիմնադիրներին, դա կնշանակի պաշտպանել և ընդունել ռասիզմը: Ես ձեզ սրանով Հրանտ Դինքին պատկերեցի: Թուրքիայի Հանրապետությունը հայերին, հրեաներին, հույներին, ասորիներին, քրդերին և ալևիներին մարգինալացնելու վրա է հիմնվել: Թուրքիայում քրդերին, հրեաներին, քրիստոնյաներին՝ հայերին, հույներին, ինչպես նաև ալևիներին կարող եք համեմատել Ամերիկայի սևամորթների հետ, քանի որ այսօրվա Թուրքիայում ամենահավասար կարգավիճակն ունեն սուննի թուրքերը, իսկ մյուսները հանդես են գալիս որպես երկրորդական քաղաքացիներ: Թուրքիայի հիմնական խնդիրը քաղաքացիական իրավունքն է ու հավասարության հարցերն են, որոնք ընկած լինելով պետության կառուցվածքային հիմքում՝ քննադատության էին արժանանում Հրանտ Դինքի կողմից: Նա ասում էր՝ «ոչ թե պետք է ասեմ՝ ինչ երջանիկ է նա, ով թուրք է, այլ ես հայ եմ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի»: Սակայն դա չընդունվեց, ու նա սպանվեց:

Ստացվում է, որ Թուրքիայում ամենամեծ խնդիրը անարդարությունն է:

Այո, քանի որ անարդարության սկզբնաղբյուրն այն է, որ Թուրքիայում չկա հստակ փիլիսոփայություն և համոզմունք, որ երկրում ապրող տարբեր մշակույթներին, կրոններին, էթնիկ հանրույթներին պատկանող մարդիկ պետք է թուրքերին հավասար լինեն և գտնվեն մի հարթության վրա: Պետության փիլիսոփայությունը դա չէ: Տեսե՛ք, հնում՝ Օսմանյան հասարակությունում մի համակարգ էր գործում, որն ըստ իսլամական օրենքների՝ չէր ենթադրում մուսուլմանների և ոչ մուսուլմանների միջև հավասարություն, հետևաբար այն նույնպես անհավասար հասարակություն էր: Օրինակ՝ Թուրքիայի հայը 19-րդ դարում հավասարությունից բացի այլ բան չէր ցանկանում, ինչին իսլամական օրենքներն այդպես էլ չընդառաջեցին: Իսկ ահա Հանրապետության ստեղծմամբ, թեպետ իսլամական արժեքները մի կողմ դրվեցին, սակայն թուրքերի գերազանցությունը, այն, որ թուրքն է գերիշխող դիրքերում, ամենևին չվերացվեց: Եվ այսօր Թուրքիայում թուրքը դեռ իշխող ազգ է, այդպես է դրվածքն ամբողջ Թուրքիայում, ուստի դա է պատճառը, որ արդարությունն այդքան դժվար է իրականացվում, և կա հավասարության խնդիր:

Պատմաբան Մարք Դևիդ Բայերը՝ «Խաներ, կեսարներ և խալիֆներ» իր նոր գրքում մասնավորապես գրել է․ «Երբ օսմանցիները հրաժարվեցին բազմազանության ներմուծումից, հանդուրժողականությունը փոխարինվեց էթնիկ զտումներով և ցեղասպանությամբ: Կայսրությունը արագ փլուզվեց Բուլղարիայից մինչև Հունաստան ազգայնական ընդվզումների ալիքի հետևանքով: Վերջին սուլթաններն իրենց ճակատագիրը վճռեցին՝ թույլ տալով կամ հաշտվելով հայկական ջարդերի հետ, որոնց կիզակետը 1915-16-ն էր»: Պատմությունն արդյոք կրկնվո՞ւմ է:

Ո՛չ, պատմությունը չի կրկնվում: Պատմությունը երբեք չի կրկնվում: Այո՛, մենք պատմական համեմատություններ անցկացնում ենք, և դա անգամ օգտակար է ներկայիս ժամանակահատվածը հասկանալու համար: Սակայն օսմանյան պլյուրալիզմի համակարգն ու այսօրվա Թուրքիայի կառուցվածքը տարբեր են: Կարող ենք օսմանցիների հետ հետևյալ համեմատությունն անցկացնել: Օսմանյան կայսրությունում մուսուլման մեծամասնությունը ոչ մեծամասնություններին իշխում էր և իրեն հավասար չէր ընկալում: Այսօր էլ այդ իմաստով աշխարհիկ թուրքերը և մի փոքր էլ հավատքի գործոնով պայմանավորված ոչ մուսուլմաններին փորձում են քաղաքական դաշտից դուրս թողնել: Այս համատեքստում կարող ենք հետևյալն ասել՝ պատմության ժամանակահատվածում ինչ կարգավիճակում որ քրիստոնյաներն էին՝ հայերը, հույները, ասորիները, այսօր նույն կարգավիճակում քրդերն են: Ինչպես մուսուլմաններն էին քրիստոնյաներին էթնիկ զտման միջոցով, ոչնչացնելով մեջտեղից հանում՝ փորձելով ինչ-որ նոր բան ներմուծել, այսօր էլ թուրք ղեկավար էլիտան հատկապես քրդերին և ալևիներին փորձում է համակարգից դուրս դնել և կրկին ավելի ուժեղ ճնշումներով ձգտում է ավելի միատարր գործառույթ իրականացնել: Անշուշտ, Թուրքիային այսպիսի վտանգ սպառնում է, և եթե Թուրքիան այդ միատարրությանն ուղղված քաղաքականությունն ընտրի, այն կարող է հանգեցնել անգամ քաղաքացիական պատերազմի։ Կամ էլ կարող է Հրանտ Դինքի ուղին լինել. այդ առումով շատ կարևոր է Հրանտ Դինքի գործոնը, որը մեզ Թուրքիայի այլ ապագայի մասին է պատգամում:

Հրանտ Դինքը ակտիվ պայքարում էր հանուն Թուրքիայում ապրող ժողովուրդների հավասարության և ընդհանուր առմամբ հիմնարար ազատությունների, ինչի համար էլ սպանվեց: Այսօր, օրինակ, Սելահեթթին Դեմիրթաշը, Օսման Քավալան և ուրիշներ բանտերում են: Թուրքիայում նոր առաջնորդներ ե՞րբ են ծնվելու:

Շատ բարդ է պատասխանել: Սակայն հնարավոր է դա կանխատեսել: Ըստ իս՝ Թուրքիայում քաղաքական երեք հիմնական ալիք է ձևավորվում, որից երկուսը շատ ուժեղ, մյուսը՝ դեռ շատ թույլ: Ուժեղ ալիքներից մեկը Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դևլեթ Բահչելին են, որոնք Թուրքիան ավելի ավտորիտար, ավելի վտանգավոր կամ ֆաշիզմին նմանվող մի համակարգ են ցանկանում ստեղծել՝ չհրաժարվելով իրենց միանձնյա վարքագծից: Երկրորդ ամենամեծ ալիքը ընդդիմադիրներն են՝ Ժողովրդահանրապետականները, «Լավ»

կուսակցությունը և այլ կուսակցություններ։

«Դևա» կուսակցությունը, «Ապագա» կուսակցությունը և այլն։

Այո՛, դրանց էլ կարելի է ավելացնել: Ընդհանուր, վեց կուսակցություն համատեղ հանդես եկան, և դրանով ընդդիմադիր կուսակցությունները ցանկանում են փոխել իշխանությունը: Սակայն նրանք հանրապետության վերաբերյալ տարբերվող պատկերացում չունեն: Այլ կերպ ասած՝ նրանցից որևէ մեծ փոփոխություն չեմ սպասում: Ենթադրենք, Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնում է, սրանք գալիս են։ Շատերն են ասում, որ դա լավ կլինի, սակայն ես խոսում եմ հանրապետության կառուցվածքային փիլիսոփայության մասին: Դրանք են հայկական հարցը՝ Հայոց ցեղասպանությունը, հրեաների, սիրիացիների, քրդերի հետ կապված խնդիրները: Կարելի է ասել, որ նրանց ծրագրերում մեծ տարբերություններ չկան:

Ինչ վերաբերում է երրորդ ալիքին կամ բլոկին, ապա դա կարելի է համարել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը գործում է անկախ և առայժմ շատ համակարգային ձևով: Մեծ հաշվով, ամբողջ Թուրքիայում այն քիչ ձայն չունի։ Այդ կուսակցության ընտրազանգվածը մոտ 15 տոկոս է կազմում, ինչը կարող է կանխորոշել Թուրքիայի ապագան: Այ նրանք, կարծում եմ, որ նոր հանրապետության փնտրտուքի մեջ են, և ներկայացնում են այն շրջանակները, որոնք փորձում են ապրեցնել Հրանտ Դինքին։ Եվ երբ Թուրքիան դառնա ժողովրդավար, մենք բոլորս դրա ականատեսը կլինենք: Կարծում եմ, որ դրա համար 2023 թվականը կարող է շրջադարձային լինել:

Մինչ օրս հայտնի չեն Դինքի սպանության իրական պատվիրատուների անունները: Ձեր հոդվածում Դուք խոսում եք այն մասին, որ այս տարելիցների նշումը պետք է շարունակվի։ Սակայն առանց բացահայտման ինչպե՞ս ենք առաջ շարժվելու։

Կարծում եմ՝ այստեղ թյուրըմբռնում կա: Թե՛ Սփյուռքում, թե՛ Թուրքիայում դա են ասում։ Դուք էլ նույնը նշեցիք: Այսինքն՝ մինչև իրական հանցագործները չհայտնաբերվեն, ոճրագործությունը չի բացահայտվի: Ո՛չ, իհարկե, ես բոլորովին այլ կարծիքի եմ: Հրանտ Դինքի սպանությունը բավական բացահայտ է: Թե ինչ եղավ Հրանտ Դինքի հետ՝ քաջ հայտնի է, ավելին իմանալու ի՞նչ կա: Անգամ կարելի է անուններ թվել: Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի Հանրապետության գլխավոր շտաբում է որոշվել, ինչից հետո այն իրականացվել է զինվորական և քաղաքացիական բյուրոկրատիայի կողմից, որն ընդգրկել է ոստիկանական կառույցը: Շատ պարզ երևում է դա: Այսինքն, հենց դա է պատճառը, որ չեն դատում իրական մարդասպաններին: Հայտնի խոսք կա Թուրքիայում՝ երբ աղյուսը հանում ես, պատը փլվում է: Ուստի Հրանտ Դինքի սպանության իրական հանցագործներին դատարան բերելը կնշանակի պատի փլուզում, քանի որ դրա հետևում պետությունն է, և այն ամենակազմակերպված ոճրագործությունն է: Այդ իսկ պատճառով, չեմ կարծում, որ Հրանտ Դինքի գործով մեծ թվով նոր մանրամասնություններ ի հայտ կգան: Ամենաշատը կարող է լինել, ենթադրենք, Անկարայի գլխավոր շտաբից կամ հետախուզության որևէ մարմնից կապի հաստատում, օրինակ` Տրապիզոնի համապատասխան մարմինների հետ և նման բնույթի տեղեկություններ, որոնց մասին կարող ենք մենք էլ կռահել։ Հետևաբար՝ Հրանտ Դինքի սպանության մասին խոսելիս ոչ թե պետք է հիշատակել այն, թե ոճրագործները հայտնի չեն, այլ այն, որ դա կատարվել է հայտնի մտածողության և պետական կառույցների գործարկմամբ: Եվ դրա դեմ դուրս եկողները առաջինը պետք է գործեն:

Այդ համատեքստում իմ հոդվածից մի կարևոր կետ կուզեի առանձնացնել՝ մինչև այսօր Հրանտ Դինքի սպանության դեմ պայքարում են: Եվ նրանք, ովքեր մինչև հոգու խորքն են պայքարում, բողոքում են, լալիս են՝ թե այս եղավ, այն եղավ, վատ եղավ և այլն: Ես այլ կերպ եմ նայում դեպքերին: Հորդորում եմ՝ ասելով ո՛չ, արդեն թողնենք լացելը, քանի որ այստեղ դրական մի բան գոյություն ունի՝ Թուրքիայի ապագան է դրված, հաղթանակ կա: Բացի այդ, Հրանտ Դինքը ինձ պես մտածող մարդկանց համար հոգեբանական գերազանցություն է նշանակում, հաղթանակ է, և հերիք է․ մենք Հրանտ Դինքին այսպես կոչված «լացի պատից» պիտի դուրս հանենք և նրան որպես հիմնադիր տեսնենք, հիմնադիր Թուրքիայի մասին խոսենք: Կարծում եմ՝ հոդվածում ամենակարևոր ուղերձը սա է:

Եվ նա այժմ Թուրքիայի հաղթանակն է մարմնավորում։

Այո՛, ըստ իս դա շատ քիչ է: Կուզեի, որ բոլորը դիտեն Ումիթ Քըվանչի պատրաստած փառահեղ վավերագրական ֆիլմը: Վերջում մի մաս կա, որտեղ Հրանտ Դինքի խոսքերից վավերագրական նյութ է ստացվել՝ օգտագործելով Դինքի կերպարը: Այսպես օրինակ՝ տնկված է ծառ, արմատները թաղած, և Հրանտը այդ ծառի կողքին պատկերված լացող մարդկանց ցանկանում է Ցեղասպանության մասին պատմել: Հետո ծառի շուրջ հայտնվում են նոր ծիլեր, նոր բան է դուրս գալիս: Հրանտ Դինքն այդպիսի մի ծիլ էր: Եվ ես իմ հոդվածում այդ ծիլի, այս հանրապետության ծիլի և հանրապետության հիմնադրի մասին էի խոսում: Եթե ուզում ենք իսկապես Հրանտ Դինքին հասկանալ, ապա նա Թուրքիայում մի ծիլ է և այդպիսին մնալու է: Գուցե այս բնորոշումը մի փոքր չափազանցված թվա, բայց հարկ եմ համարում մի վառ օրինակ բերել, քանի որ ինքս էլ եմ ենթարկվել դրան: Ճիշտ է՝ ես այդ խմբի մեջ աննշան մարդ էի, բայց օրինակ՝ 2007 թվականին, հատկապես Հրանտ Դինքը, ինչպես նաև Օրհան Փամուկը և այլ մտավորականներ դատարանից դատարան էին տարվում, Ակօսի խմբագրատան դիմաց ցույցեր էին տեղի ունենում, նրանք ենթարկվում էին բռնաճնշումների, Հրանտի դեմ զազրելի արշավներ էին կազմակերպվում, դատավարությունը դատավարության հետևից էր լինում, մեզ դիտարկում էին որպես պետական դավաճանների, վիրավորում էին, մեր դեմ ատելություն էր քարոզվում: Սակայն հիմա փոխվել է իրավիճակը: Այժմ մենք ենք շահեկան իրավիճակում․ ես սա եմ ուզում շեշտել: Թուրքիան մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, ժխտում իր անցյալը, սակայն դա անում է հոգեբանական շատ լուրջ ճնշմամբ։ Նրանք գիտեն, որ պարտված են, բայց նաև դա են հերքում: Կարծում եմ՝ արդեն նրանց շրջանն ավարտվել է, և դրա համար էլ կարող եմ այսպիսի քաջությամբ խոսել, քանի որ հիշում եմ իմ վերապրած վախերը: 2007 թվականին և Հրանտի մահից հետո մեր դեմ արշավներ էին կազմակերպվում: Սակայն նաև գիտակցում եմ, թե այժմ ինչ դիրքերում ենք: Մենք քիչ ենք, շատ քիչ ենք, սակայն այդ ծիլն արդեն խոյանում է։ Թուրքիայում 18-ից 20 տարեկան երեխաները և նրանք, ովքեր Հրանտի սպանվելու ժամանակ նորածին էին կամ էլ 3-4 տարեկան, այժմ պատմում են, թե ինչպես են Հրանտի հետ ծանոթացել՝ ասել է թե՝ նրա մտքերին կամ գաղափարներին: Դրանով ես կարևորում եմ այդ ծիլի աճը: Նկատեք՝ ես այլ թեմաների մասին չեմ խոսում, քանի որ կարծում եմ՝ հենց այդ ծիլն է վաղը մեզ փրկելու, այդ ծիլն է հեշտացնելու Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը, ինչպես նաև այդ ծիլն է տանում դեպի Հրանտ Դինքի դուռը:

Պրոֆեսո՛ր, վերջին հարցս: Թուրքիայի ներքաղաքական իրադրությունը ինչպե՞ս կարող է ազդել Թուրքիա-Հայաստան բանակցություններում Անկարայի դիրքորոշման վրա: Թե՞ սրանք տարբեր գործընթացներ են:

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների գործընթացներն ավելի շատ պայմանավորված են աշխարհաքաղաքական պահանջներով և կարծում եմ, որ կարող են զարգանալ: Առաջինը, ի տարբերություն 2009 թվականի արձանագրությունների, այս անգամ հարաբերությունները կկարգավորվեն և դիվանագիտական կապեր կհաստատվեն, քանի որ ներկայում շատ մեծ փաթեթ չկա: Այն շատ ավելի մեծ էր նախորդ անգամ, քանի որ փորձ էր արվում յուրաքանչյուր թեմա միանգամից լուծել: Իսկ այս անգամ գործընթացն ավելի սահմանափակ է, և այն առաջ է շարժվում շատ փոքր քայլերով, ինչն առավելություն է:

Երկրորդ, Թուրքիայի համար ամենակարևոր նախապայմանն ու արդարացումը Արցախյան հիմնախնդիրն էր, որը ներկայում Ադրբեջանի և Թուրքիայի համար շահեկան ելք է ունեցել: Հետևաբար, չեմ կարծում, որ Թուրքիայի կողմից որևէ խոչընդոտ կլինի:

Սակայն ես երկու խնդիր եմ տեսնում, որոնք իմ հոգեվիճակն են արտահայտում:

Ես այնքան էլ խանդավառ չեմ այդ գործընթացով: Չգիտեմ, թե մարդիկ ինչ են մտածում, սակայն ոչնչացման գնով կամ էլ 30 տարուց հետո միայն երկխոսության մեկնարկն այնքան էլ ոգևորիչ չէ։ Երկրորդ բաղադրիչը, որ կուզեի առանձնացնել՝ 1990-ականներին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նշածն էր, որ «եկեք պատմությունը մի կողմ թողնենք և որպես երկու հարևան պետություններ հաստատենք դիվանագիտական հարաբերություններ»: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու կորցրին երեսունից ավելի տարի։ Սա, ըստ իս, կուղեկցվի հոգեբանական դժվարություններով: Անխոս, կողմերի միջև կարող են խոչընդոտներ հայտնվել:

Օրինակ՝ հայաստանյան կողմի համար այդ դժվարությունը կարող է լինել պարտությունը, ինչը հասկանալի է՝ հոգեբանորեն մարդիկ չեն կարող ավելի բաց նայել այդ հարցին: Թուրքիան էլ հարաբերությունների օրակարգը դեռ պայմանավորում է Ադրբեջանով և գործելու է այդ շրջանակում, ինչը ենթադրում է, որ այդ գործընթացում այդքան էլ անկախ չի լինելու: Կարող են ի հայտ գալ նաև այլ խոչընդոտներ, սակայն դրանով հանդերձ՝ կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն: Մեկ այլ կարևոր գործոն էլ կա:

Գիտեք, որ սահմանները բացվեն, մարդիկ միմյանց հետ խոսելու հնարավորություն կունենան, ինչը Հրանտի ամենամեծ երազանքն էր: 2005 թվականին, երբ Դինքի հետ Հայաստանում էինք, այդ ժամանակ Թայիփ Էրդողանը վարչապետ էր, որն ասում էր, թե պետք է դեպքերի ուսումնասիրման համար ստեղծվի պատմաբանների համատեղ հանձնաժողով: Ես այդ ժամանակ որպես պատմաբան շատ ջերմորեն ողջունեցի այդ գաղափարը՝ կարծելով, թե հրաշալի գաղափար է, քանի որ դրա համար կային այլ օրինակներ: Նման հանձնաժողովներ են ստեղծվել Գերմանիայի և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի, Գերմանիայի ու Չեխոսլովակիայի միջև և այլն: Սակայն Հրանտ Դինքն ինձ ասաց, որ սխալվում եմ ու նախ և առաջ հենց դա պետք է փոխել: Նա ասում էր, որ եթե մտածողություն չփոխվի, հանձնաժողովներն անօգուտ են: Նա կարևորում էր հայի նկատմամբ թուրքի և նույն կերպ՝ թուրքի նկատմամբ հայի վերաբերմունքների փոփոխությունը՝ առանձնացնելով սահմանի բացումն ու պետություններից անկախ հայերի և թուրքերի երկխոսությունը: Կարծում եմ՝ Թուրքիայի ամենամեծ խնդիրը դա է: Եթե սահմանը բացվի և մարդիկ միմյանց հետ խոսեն, ավելի ազատ ու ապագայի հիմքեր կդրվեն, որով կիրականանա նաև Հրանտ Դինքի երազանքը: Դրա համար էլ ցանկանում եմ այդ դուռը կոչել Հրանտ Դինքի անունով:

Մեկնաբանել