Օմիկրոն շտամի ախտանշաններն ու տարածելիությունը

Հովհաննես Նազարեթյան

Կորոնավիրուսի Օմիկրոն տեսակը (շտամը) հայտնաբերվեց 2021-ի նոյեմբերի վերջին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին այն հռչակեց «անհանգստացնող տեսակ»։

Աշխարհի շատ երկրներում այն արդեն իսկ դարձել է կորոնավիրուսի դոմինանտ/գերակշռող տեսակը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում 2022-ի տարեսկզբին արդեն վարակվածների 95 տոկոսը վարակվել էր հենց Օմիկրոնով։ Հայաստանում այս շտամով հարուցված առաջին երկու դեպքերի մասին հայտնի դարձավ հունվարի 8-ին։ Իսկ հունվարի 17-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնեց, որ Օմիկրոն շտամի ևս 7 դեպք է հայտնաբերվել։

Դեկտեմբերի սկզբին ՍիվիլՆեթը գրեց, որ Օմիկրոնի մասին քիչ բան է միանշանակ հայտնի, քանի որ քիչ ժամանակ էր անցել դրա հայտնաբերումից հետո։ Այսօր՝ հայտնաբերումից գրեթե երկու ամիս անց, արվել են հետազոտություններ Օմիկրոնի տարածվածության, ծանրության և այլ հատկանիշների մասին։

Օմիկրոնի ախտանշանները

Օմիկրոնի ախտանշանները շատ չեն տարբերվում Դելտայի և կորոնավիրուսի այլ տեսակների ախտանշաններից։ Ըստ նախնական տվյալների՝ Օմիկրոնի ախտանշանները կարող են տարբերվել, օրինակ, համի և հոտի կորստի մասով, քանի որ Օմիկրոնով վարակվելու դեպքում համի և հոտի կորուստը ավելի քիչ հավանական է։ Իսկ ստամոքսաղիքային համակարգի խանգարումները կարող են ավելի հաճախ դիտարկվել Օմիկրոնով վարակվածների շրջանում՝ հատկապես երեխաների մոտ։ Օմիկրոնին հատուկ ախտանշաններից կարող է լինել նաև գիշերային քրտնարտադրությունը։

Տարածելիություն

Այս պահին առկա տեղեկություններով՝ Օմիկրոնը երկու-երեք անգամ ավելի արագ է տարածվում։ Ֆրանսիայում արված հետազոտության նախնական տվյալներով այն երկու անգամ ավելի արագ է տարածվում, քան Դելտան։ Ըստ ԱՀԿ-ի՝ այդ պատճառով է Օմիկրոնը վտանգ հանդիսանում երկրների առողջապահական համակարգերի համար։ Նրա շատ արագ տարածումը կարող է հոսպիտալացումների թվի աճի հանգեցնել։

Ծանրություն

Առկա տեղեկությունների համաձայն՝ ի համեմատ Դելտա տեսակի, Օմիկրոնով վարակված անձինք էապես ավելի թեթև են տանում հիվանդությունը։ Մեծ Բրիտանիայում արված մի հետազոտություն ցույց է տվել, որ Օմիկրոնով վարակվածների շրջանում հոսպիտալացումները կրկնակի քիչ են, քան Դելտայի դեպքում։ Ֆրանսիայի առողջապահության պատասխանատուների համաձայն՝ հոսպիտալացումները 70 տոկոսով ավելի պակաս են Օմիկրոնի դեպքում։

2021-ի վերջին շաբաթում աշխարհում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերը հասան ռեկորդային 13,5 միլիոնի, որը դրան նախորդող շաբաթից 64 տոկոսով ավել է։ Բայց նույն ժամանակահատվածում մահերի թիվը չաճեց, ավելին՝ 3 տոկոսով պակասեց։

Դա մի քանի պատճառ ունի։ Նախ, Օմիկրոնով վարակվածներից շատերը պատվաստված են կամ հիվանդացել և վերականգնվել են՝ այդպիսով ձեռք բերելով իմունիտետ։ Դրանից բացի, ըստ նախնական տվյալների, Օմիկրոնը ավելի մեծ հաջողությամբ վարակում է շնչառական վերին ուղիները և ոչ թե թոքերը։

Պատվաստումների արդյունավետությունը

Ինչ վերաբերում է Օմիկրոնի դեմ պատվաստումների արդունավետությանը, այստեղ ևս կան մտահոգիչ տվյալներ։ Մինչ օրս իրականացված մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ Pfizer, Moderna և AstraZeneca պատվաստանյութերի երկու դեղաչափերը մեծ արդյունավետություն չունեն Օմիկրոնի դեմ։ Իսկ Pfizer-ի և Moderna-ի երեք դեղաչափերը էապես ավելի արդյունավետ են։ Այսպես, Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ Pfizer-ի երկու դեղաչափը ընդամենը 34 տոկոս դեպքերում է պաշտպանում Օմիկրոնով վարակվելուց, իսկ 3 դեղաչափը՝ 75 տոկոս։

Նախկինում վարակված լինելը չի փրկում

Նախկինում կորոնավիրուսի այլ տեսակով վարակված լինելը չի պաշտպանում Օմիկրոնից վարակվելուց։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը Օմիկրոնի ամենավաղ օջախներից էր, հետազոտողները հաշվարկել էին, որ Օմիկրոնով վարակվածների 70 տոկոսից ավելին նախկինում վարակված է եղել կորոնավիրուսով։

Երկարաժամկետ հետևանքները

Քանի որ Օմիկրոնի հայտնաբերումից դեռ չի անցել նույնիսկ երկու ամիս, դեռ անհայտ է, թե ինչ երկարաժամկետ հետևանքներ կարող է այն ունենալ մարդու օրգանիզմի և մտավոր կարողությունների վրա։ Կորոնավիրուսի նախորդ տեսակները կարող են հանգեցնել գերհոգնածության և «ուղեղի մշուշի» (brain fog), որը մտավոր կարողությունների դանդաղումն է։

Մեկնաբանել