Մենք պետք է պատրաստվենք երկարատև պաշարման․ Էրիկ Հակոբյան

hamalir

Այս շաբաթ իր հեղինակային հաղորդմանը Սիվիլնեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը քննարկում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, Ղազախստանի ցույցերը և ինչու ավտորիտար ռեժիմներն աշխարհում դարձել են խոցելի:

Սկսենք մեր սահմաններից․ անցյալ շաբաթ, ադրբեջանական զինված ուժերը փորձեցին Հայաստանի հանրապետության տարածքում գտնվող զինվորական հենակետ գրավել։ Արդյունքում հայկական կողմն ունեցավ երեք զոհ։ Սրան նախորդել էր Ալիևի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս անելիք չունի, և ինքը չի ցանկանում նրանց հետ որևէ բան քննարկել։ Այստեղ կարևոր է, որ բոլոր կողմերը, ներառյալ Մինսկի խումբը, հասկանան, որ Ալիևը որևէ հետաքրքրություն չունի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, քանի որ դա չի ելնում իր ներքին կամ արտաքին քաղաքականության նպատակներից ու շահերից։

Ինչ պատասխան պետք է լինի շարունակբող այդ իրավիճակին և Հայաստանի սահմաններին անդադար հարձակումներին այն պայմաններում, երբ մի քանի երկիր՝ Ռուսաստանը, ԵՄ երկրները, ցանկանում են հանդարտեցնել իրավիճակը։

Երկու պատասխան պետք է լինի՝ ռազմական ու դիվանագիտական, և նրանք փոխկապված են։ Մենք պետք է պատրաստվենք, ինչպես ասել եմ, երկարատև պաշարման։ Ալիևը երբեք իր ագրեսիան մեր սահմաններին չի դադարեցնի՝ մինչև այն պահը, երբ հասկանա՝ դա իր վրա թանկ է նստում։ Իրականում, այն, որ Ալիևը շարունակաբար հարձակում է գործում ԵԱՀԿ գործընթացի վրա, հիանալի նվեր է մեզ, որովյհետև այս բանակցությունները եռակողմ գործընթաց են, և եթե կողմերից մեկը չի ներգրավվում բանակցություններում, դա չի նշանակում դրանց ավարտը։ Դա նշանակում է՝ բանակցությունները փոխվում են։

Ո՞րը պետք է լինի մեր դիրքորոշումը։ Ալիևն ուզում է Արցախը՝ առանց հայ բնակիչների։ Նա ցանկանում է էթնիկ զտման ենթարկել Արցախի ժողովրդին և չի խորշի այդ նպատակին հասնելու համար ցեղասպանություն գործելուց։ Դա միջազգային իրավունքի համատեքստում անընդունելի է, և մենք պետք է շեշտը դրա վրա դնենք ու առաջ մղենք որպես մեր դիրքորոշում։ Մենք պետք է աշխատենք Արցախում ներկա իրավիճակի կոդավորման և ռուսական խաղաղապահների՝ մշտական ներկայության ամրագրման ուղղությամբ, և հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի միջոցով կարգավորման, ինչը երկարաժամկետ առումով Արցախի բնակչության ինքնիշխանությանը կբերի, որովհետև Ալիևը իրավունք չունի էթնիկ զտման ենթարկել Արցախը՝ միջազգային իրավունքից ելնելով։

Ուստի, եթե նա այդ իրավունքը չունի և հրաժարվում է բանակցել, մենք պետք է վերցնենք այդ նվերը և այլ ուղղությամբ շարժվենք։ Թող չբանակցի։ Մենք կշարունակենք բանակցել աշխարհի հետ՝ հասնելու մեզ համար շահավետ լուծման։

Ղազախստանի իրադարձությունները և Հայաստանը

Անցնենք երկրորդ թեմային՝ Ղազախստանի իրադարձություններին։ Այդ երկրում ի պատասխան հեղուկ գազի գների բարձրացման՝ ժողովուրդ սկսեց շարժում, որը մի քանի օրից իրենց ձեռքը վերցրին քաղաքական տարբեր ուժեր, ոմանք՝ հանցագործ, ոմանք՝ սալաֆիական, ծայրահեղ իսլամիստներ, այսինքն՝ ժողովրդի կողմից սկսված ինքնաբուխ շարժումը վերածվեց քաղաքական ուժերի պայքարի, որոնք փորձում էին իրար դեմ ներքին հաշվեհարդար տեսնել։

Հիմնական ուժերից մեկը ներկա նախագահ Տոկաևի կողմնակիցներն էին, մյուսը՝ նախկին նախագահ Նազարբաևին հարող ուժերը։ Հընթացս պարզ դարձավ, որ Տոկաևի ուժերը հաղթանակ են տանում, ինչը հանգեցրեց Նազարբաևի կլանի կողմնակիցների, ընդհուպ մինչև ընտանիքի անդամների (որոնք իրականում երկրի սեփականատերերն էին՝ այնպես, ինչպես Ալիևների կլանն Ադրբեջանում) զանգվածայի ձերբակալումների ու հաշվեհարդարների։ Նրանցից շատերին ձերբակալեցին, շատերին՝ հեռացրին պաշտոններից, նախկին նախագահն էլ շաբաթներ շարունակ չի երևում։

Այս ընթացքում, – և ահա թե որն է մեր տեղը այս ամենում,- Տոկաևը դիմեց ՀԱՊԿ-ին՝ զորամիավորումներ ուղարկելու և օժանդակելու երկրում կարգուկանոնի հաստատմանը։

ՀԱՊԿ նախագահող երկիրը այժմ Հայաստանն է․ Ղազախստան ուղարկվող ՀԱՊԿ վեց հազար զինվորից Հայաստանը ուղարկեց մոտ հարյուր զինվոր։ Իրականում, այս որոշումը կայացրեց ոչ թե Փաշինյանը, այլ Ռուսաստանը, իսկ Փաշինյանը պարզապես իրականացնում էր Պուտինի կայացրած որոշումը։

Ի՞նչ սովորեցինք արդյունքում՝ այն, ինչ արդեն գիտեինք․ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, և Ռուսաստանը ՀԱՊԿ-ն է։ Երկրորդ, որ ՀԱՊԿ-ի առաջնային առաքելությունը ոչ թե իր անդամ երկրների տարածքային ամբողջականությունն է, ինչին ականատես եղանք ու շարունակում ենք լինել Հայաստանի պարագայում, այլ այս կառույցում հիմնականում գործող ավտորիտար վարչակարգերի պահպանությունը։

Խոսենք մեր մասնակցությունից, որի շուրջ երկրի ներսում և սահմաններից դուրս բազմաթիվ քննադատություններ հնչեցին։ Անկեղծ ասած՝ մեզ նման ժողովրդավար երկրի համար իրականում ամոթալի էր մասնակցել Ղազախստանի ներքին կլանների միջև պայքարին, ու այնքանով էր էական, որքանով մկների ու առնետների միջև պատերազմը։

Սակայն էականն այն է, որ մենք ստիպված էինք գործել՝ մեր իսկ թուլությունների ու անվտանգության կարիքներից ելնելով, ու չէինք կարող ոչ ասել Ռուսաստանին։

Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Ղազախստանում տեղի ունեցած ու դեռևս ունեցող իրավիճակից։ Մի քանի․ առաջին՝ թե որքան թույլ են այս բոլոր վարչակարգերը։ Խոսքս Կենտրոնական Ասիայի տոտալիտար այս բոլոր վարչակարգերի մասին է, և ոչ միայն։ Բոլոր այս վարչակարգերը ուժեղ են թվում, սակայն մեկ իրադարձություն, մեկ գնաճ, մեկ դիսիդենտ, մեկ սխալ քայլ է նրանց բաժանում երկրում զանգվածային հեղափոխությունից, անկարգություններից կամ քաոսից։ Բոլոր այս «ազգի հայրերին», «գերագույն առաջնորդներին», «ցմահ նախագահներին» մի քանի օր է բաժանում երկրի ղեկավարի պաշտոնից գահընկեց լինելուց՝ կա՛մ ժողովրդի, կա՛մ երկրի ներսում այլ էլիտաների կողմից։

Ղազախստանն ինքնին հետաքրքիր օրինակ է, որովհետև այն դիտվել է որպես հետխորհրդային տարածքում մոդել՝ որպես երկիր, որը կայուն է և հարուստ։ Ընդ որում, Ղազախստանում մեկ շնչի հաշվով եկամուտը հավասար է Ռուսաստանի կամ եվրոպական որոշ երկրների ցուցանիշներին, և այն շատ ավելի առաջ է Ադրբեջանի նման երկրներից։

Սա մեզ բերում է հետևյալ հարցադրմանը՝ ո՞ր համակարգերն են ավելի կայուն։ Այն, որ տոտալիտար համակարգերն ավելի կայուն են, առասպել է։ Ժողովրդավարական համակարգերը ունակ են լինել շատ ավելի ճկուն, լուծել խնդիրները։ Իհարկե, հնարավոր է, որ ընտրվեն միջակություններ, պոպուլիստներ, սակայն ինչպես ականատես եղանք Հայաստանում հետպատերազմական շրջանում, մեր ժողովրդավարական համակարգը մեզ թույլ տվեց դուրս գալ քաղաքական ճգնաժամից, ինչը այլ երկրների դեպքում կարող էր քաղաքացիական պատերազմի հանգեցնել։

Այսինքն, երկարաժամկետ առումով, ժողովրդավարական բոլոր համակարգերը շատ ավելի կայուն են, քան տոտալիտարները, քանի որ խուսանավումների տեղ ունեն, և ընդդիմություն, որը կարող է ստիպել ղեկավարությանը խնդիրների լուծման գործուն քայլերի գնալ։

Բոլոր այս ղեկավարներն ու վարչակարգերը՝ լինի Տոկաևի, Ալիևի կամ Էրդողանի, ունեն փլուզման երկու տարբերակ՝ կա՛մ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի օրինակը, որը երկրից փախավ՝ ինքնաթիռով իր հետ տանելով 160 միլիոն դոլար կանխիկ գումար, կա՛մ Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի օրինակը [կախաղան]։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի բռնապետերին՝ Էրդողանին ու Ալիևին, միայն ժամանակը ցույց կտա՝ այս տարբերակներից որը կիրականանա նրանց դեպքում, նախքան նրանք գլխիվայր կսուզվեն գեհենի կրակների մեջ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել