Ինչպիսի՞ն կլինի ռուսական հնարավոր ներխուժումը Ուկրաինա․ փորձագետների անդրադարձը

Ուկրաինայի բանակ

Եթե ​​պատերազմ այնուամենայնիվ սկսվի, կկարողանա՞ ուկրաինական բանակը դիմակայել ռուսականին։ Ռուսական Meduza.io կայքը հավաքել է ռազմական վերլուծաբանների տեսակետները և դրանք ամփոփել հոդվածում։ ՍիվիլՆեթը հոդվածից թարգմանաբար առանձնացրել է հիմնական մտքերը։

2014-15-ից հետո ուկրաինական բանակը ավելի մարտունակ է դարձել, Ուկրաինան նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանից հետո բանակի վրա ամենաշատ ներդրումներ անող երկիրն է, և հիմա Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ռազմական կազմավորումները՝ ռուսական ուժերի օգնությամբ, ըստ ամենայնի, չեն կարող կրկնել այն ժամանակվա հեշտ հաղթանակը։

Ուկրաինական բանակը ՆԱՏՕ-ի ոճով արդաիականացվել է, ԶՈւ-ի տարբեր ստորաբաժանումների միջև կապը ուժեղացել է։ Բայց հարց է, թե որքանով դա արդյունավետ կլինի պատերազմի ժամանակ։

Ուկրաինական բանակը ուղեցուցման և հետախուզական նոր սպառազինություններ է ստացել, ունի արդեն սեփական արտադրության ճշգրիտ զինամթերք։

Ուկրաինան գնել է թուրքական 48 անօդաչու թռչող սարք, ավելի շատ, քան Ադրբեջանը (որոնց ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ 20-ից քիչ է օգտագործվել Ղարաբաղում): Արվել է ևս 24 անօդաչու թռչող սարքի պատվեր, բացվել է երկրի ներսում դրանց լիցենզավորված արտադրություն։

Բանակի զորամասերը զանգվածային զինվել են հակատանկային զինատեսակներով, այդ թվում՝ ամերիկյան։

Այս ամենը, ըստ երևույթին, բավական է, որ Մոսկվայի աջակցությունը վայելող շրջանները այլևս չկարողանան փոքր պատերազմի միջոցով Կիևին ինքնուրույն ստիպել գնալ բանակցությունների։

Ի՞նչ է պակասում ուկրաինական բանակին

Որոշ գնումներ հաջող են եղել, բայց այլ ոլորտներում դեռ գերակշռում են [հնացած] խորհրդային համակարգերը։

Ուկրաինան խնդիր ունի բանակը համալրելու, հատկապես պահեստազորի մասով այդ աշխատանքը շատ դժվար է առաջ գնում։

Թույլ է ավիացիան, ՀՕՊ-ը և նավատորմը։ Հենց այս թերություններն էլ կարող են վճռորոշ դառնալ ռուսական լայնածավալ ներխուժման դեպքում, կարծում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Ֆիլիպ Բրիդլավը։ «Ուկրաինայի ցամաքային զորքերը [վերջին տարիներին] դարձել են շատ ավելի լավը և ավելի մարտունակ: Բայց ռուսները կգերակայեն օդում և ծովում»։

Ռուսական ավիացիայի և հակաօդային պաշտպանության տոտալ գերազանցության կոնտեքստում (եթե նրանք բացահայտորեն ներգրավվեն մարտական գործողություններում), թուրքական անօդաչու թռչող սարքերի մարտական արժեքը կասկածելի է։ Ռուս օդաչուները Սիրիայից ավելի լավ մարտական փորձ ունեն, քան ուկրաինացիները։

Ղրիմի կորստից հետո ուկրաինական նավատորմը շատ թույլ է։

ՀՕՊ-ի մասով Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է Patriot համակարգեր, բայց իրականում դեռ խորհրդային համակարգերի հույսին է։

Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ Ուկրաինան ռուսական օդային հարձակման դեպքում փաստացի անպաշտպան է։

Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի ռազմական ներխուժումը

Ըստ ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) հրապարակած սցենարի՝ Ուկրաինայի հրամանատարական կենտրոնների վրա հրթիռային և օդային հարվածներից հետո ռուսական զորքերը հարձակում կսկսեն Դոնբասում ուկրաինական զորքերի հիմնական խմբավորման դեմ՝ Դոնի Ռոստովից Մարիուպոլով դեպի հյուսիս և Խարկովի մարզի սահմանից դեպի հյուսիս: Հարավարևմտյան ուղղությամբ ևս մեկ հարված կհասցվի Սումիի և Չեռնիգովի շրջանների միջով ուղղակիորեն Կիևին, որպեսզի առանց Ուկրաինայի մայրաքաղաք մտնելու՝ լիովին կաթվածահար արվի հակառակորդի արդյունավետ դիմադրության կամքը, որը ստիպված լինի շտապ ռեզերվներ հավաքել Կիևը պաշտպանելու համար։ Նպատակը Դնեպրից արևելք ընկած բոլոր ուժերին շրջապատելն ու ոչնչացնելն է, ինչն իրականում վերջ կդնի Ուկրաինայի զինված ուժերի կազմակերպված դիմադրությանը։

Ամերիկացի զինվորականները ևս հենց այս սցենարով են տեսնում ռուսական ներխուժումը։

Ռուսական զորամիավորումները կշարժվեն Արևելյան Ուկրաինայի երկաթուղիների ուղղությամբ՝ մատակարարման դժվարություններից խուսափելու համար, կարծում են ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետները։

Առանց օկուպացիայի Ուկրաինային «պատժելու» ռազմավարությունը Մոսկվային հետ կպահի ուկրաինական դիմադրության հետ ծախսատար երկարատև հնարավոր մարտերում ներգրավվելուց:

Բայց այս ռազմավարությունն ունի մեկ կարևոր սահմանափակում. Ռուսաստանի համար Ուկրաինայի դեմ գործողության գինը (արևմտյան լայնածավալ պատժամիջոցների տեսքով) կարող է չափազանց բարձր լինել հարձակում սկսելու համար։

Մարիա Եղիազարյան

Если война все-таки начнется, сможет ли украинская армия оказать сопротивление российской? Разбираемся, что изменилось с 2014 года

Մեկնաբանել