Խաղաղությունն ու այն քայքայող բռնության արմատները․ Կրթության օրվան ընդառաջ

Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է: Օրվա խորհրդին հավատարիմ՝ արժե խոսել խաղաղության ու այն քայքայող բռնության արմատների մասին, որոնք հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության:

Պատկերացրեք՝ հարյուր տարի անց դասագրքերում, եթե իհարկե դրանք դեռևս ուսումնառության ակտուալ գործիք մնան, պատմության այն դրվագները, որոնք նկարագրված կլինեն Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո: Մի քանի տարի առաջ թերթելով պատմության դասագրքերը՝ ակնառու մի օրինաչափություն էր երևակվում․ քաղաքական ու ռազմական գործիչների շքերթի ու ռազմին վերաբերող դրվագների, վիզուալ նյութերի գերակայության ներքո կային ընդհանրական ու շատ կցկտուր տվյալներ պատերազմների կամ հակամարտությունների միջև ընկած կյանքի մասին:

Մեծ հավանականությամբ, դատելով մինչ օրս պատմության դասագրքերի ընդհանուր տրամաբանությունից, հավանական է, որ անցած երեք տասնամյակի առանցքային գործողությունները կզարգանան արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների ու դրանց ռազմաքաղաքական առանցքային գործող անձանց շուրջ:

Ավելորդ է անգամ երևակայել, որ որևէ կին այդ գործող անձանց ցանկում ներառված կլինի, երբ անգամ իրենց կյանքի ընթացքում մոռացության են մատնվել պատերազմին մասնակցած կանայք: Որպես այս երեսուն տարիների իրադարձությունների ամենօրյա մասնակիցներ՝ պատկերացրեք, թե ինչ անարդարություն է գործվում պատմության նկատմամբ, երբ նման կամայականությամբ խմբագրվում է ժամանակը: Երևակայեք, թե որքան բան չգիտենք իրական պատմությունից, որն ընթացել է հարյուր, երկու հարյուր կամ հինգ հարյուր տարի առաջ: Պատկերացրեք, թե որքան թերի են մեր պատկերացումները մեր ինքնության կուտակած ահռելի կարողականությունների վերաբերյալ, երբ փոքր տարիքից մեզ մեծապես պատմում են միայն ռազմի ու քաղաքական վերնախավի պատմությունը:

Բռնության գալթունգյան սահմանումը այլ դեպքերի շարքում թվում է շատ կիրառելի նաև պատմության նման մեթոդական ընտրողականության վերլուծության հարցում: Բռնությունն առկա է, երբ մարդիկ այնպիսի ազդեցության են ենթարկվում, որը հանգեցնում է իրենց ներուժից ցածր սոմատիկ և մտավոր իրացումներին: Բռնությունը այդ չիրացման կետի ու ներուժի միջև ընկած հեռավորությունն է ու այն ամենը, ինչը խոչնդոտում է այդ հեռավորության վերացումը: Ըստ էության, փոքր հասակից մենք մեր ապագան ներկայացնող ու այն փաստացի կառուցողներին չենք պատմում հակամարտությունների միջև ընկած կյանքի, դրա օրինաչափությունների, դրանք ներկայացնող խմբերի ու նրանց ձեռքբերումների կամ բացթողումների մասին՝ զրկելով մեր ապագան ու դրա կրողներին ազատ գործելու հնարավորությունից: Զարմանալի չէ, որ պատերազմի պատմությանը վարժված մարդու համար դժվար է խոկալ խաղաղության մասին, որի ընթացքում զարգանում են պատմության դասագրքերից բացակայող իրադարձությունները:

Այս մոտեցումը ինձ համար երկու խորքային անարդարություն ունի` բռնության գործադրման իր մշակութային ու կառուցվածքային տեսանկյուններից: Մշակութային բռնության իմաստով որոշ խմբերի նկատմամբ կիրառված անարդարությունը անվերջ դժվարացնում է այդ խմբերի համար իրենց ներուժի իրացումը:

Հատուկ ուշադրության են արժանի կանայք, որոնց պատմություններն ու առօրյան որևէ կերպ չեն արտացոլվում պատմության մեջ, իսկ դասագրքերում դրանք մեծ հաշվով բացակայում են: Հասարակագիտական բնագավառի, այդ թվում՝ պատմության դասագրքերում 100-ից 80 դեպքերում կանայք ներկայացված չեն, իսկ եթե նրանց մասին կան նշումներ, ապա դրանք պասիվության, հանձնվելու և տղամարդուց կախվածության պատմություններ են:

Դասագրքերի ստեղծման տրամաբանությունն ու դասավանդման պարտադրված մոտեցումը առանձին ու խորքային վերլուծության կարիք ունեն: Առաջինը այն անարդարությունն է, որ մի խումբ՝ անգամ արժանի ու գիտական կոչում ունեցող անձինք ստիպված են ստեղծել ժամանակի մի սեղմագիր, որն իր կառուցվածքով միայն թույլ է տալիս այն ընթերցողին մի շարք սահմանափակ ու մակերեսային հարցերի մեջ պարփակել պատմության հետ իր ակտիվ հարաբերությունը: Այն թույլ չի տալիս հասկանալ, թե ինչպես է ստեղծվում պատմությունն, ինչ մեծ օրինաչափություններ կան, ինչ սկզբունքով են ընտրվում այս կամ այն դրվագները, ինչու են դրանք ուշադրության արժանի և այլն: Պատմության դասագիրքը ենթադրում է, որ այն ընթերցողը պատմության օբյեկտ է, իսկ պատմությունը՝ սուբյեկտ, որի ցանկացած փոփոխություն կամ մեկնաբանելու փորձ հերետիկոսության նման մի բան է: Երկրորդ, հենց այս ելակետից էլ մեկնարկում են պատմության ուսուցիչները և օգնում սովորողներին յուրացնել այն որպես միակ ու փաստացի ճշմարտություն: Պատմության ձևավորման այս շրջափոխումը, երբ սուբյեկտը առարկայացվել է ու հնարավորություն չունի ժամանակին նայել որպես հետաքրքրության առարկայի, թաքնված ու աննուղակի բռնության համակարգային գործադրում է, որը թույլ չի տալիս մարդուն իրեն տեսնել որպես ժամանակի սուբյեկտ: Սա, կարծում եմ, բռնության ամենաանարդար դրսևորումն է, երբ մարդը զրկվում է իրեն տեսնել իրադարձությունները ձևավորողի դերում: Պատահական չէ, որ այս հասարակությունները խոցելի են անհամաչափ ներքին ու արտաքին բռնությունների նկատմամբ:

Վերջին պատերազմը մեզ պիտի ստիպի վերանայել մեր վերաբերմունքը բռնության նկատմամբ, այդ թվում՝ դասագրքերի ձևավորման ու պատմության ընտրողական նման բովանդակության միջոցով, եթե ուզում ենք երբևէ խոսել իրական խաղաղության մասին: Իսկ իրական խաղաղության մասին հիմա խոսել չենք կարողանում, որովհետև նաև վարժված ենք մեզ դիտարկել որպես ժամանակի օբյեկտի, որի նկատմամբ միայն այլոք կարող են ունենալ ակտիվ դիրք ու գործելու իրավունք:

Պատմությունը կգրեն այլոք, բայց մենք դրան ակտիվ մասնակցելու հնարավորություն չենք ունենա, որովհետև ի թիվ այլ գործոնների՝ դպրոցում պատմությունը վարժվել ենք վերապատմել ու անգիր անել՝ չհասկանալով, որ անգամ անցյալի նկատմամբ յուրաքանչյուրս ունենք, եթե ոչ քերթողահոր, ապա հաստատ՝ քերթողի իրավունք:

Մեկնաբանել