Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մերժեց պատգամավորների երաշխավորությամբ նրան ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Որոշում կայացվեց Արտյեմ Համբարյանի նկատմամբ կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն դրամ։ Մյուսների մասով կալանքը պահպանվեց»,- ասաց պաշտպանը։
Սերգեյ Հովհաննիսյանի նշեց, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ միջնորդության մերժման հիմնավորմանը, սակայն նա չի կարծում, որ կարող է «տրամաբանության մեջ տեղավորվող» հիմնավորում լինել․ «Կծանոթանանք հիմնավորմանը և վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնեց պաշտպանը։
Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինեն Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Անորակ հրթիռների գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) ու ևս 3 անձ։
Դավիթ Տոնոյանը կալանավորվել էր՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։