Հայաստանը մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Հունվարի 24-ին Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ ձայներով մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Քրիստիննե Գրիգորյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանի երկրորդ կին օմբուդսմենն է։ Առաջինը Լարիսա Ալավերդյանն էր։

Քրիստիննե Գրիգորյանն ունի բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ` արևելագիտություն և իրավաբանություն: Նա ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ` հիմնականում պետական մարմիններում։ Աշխատել է ԱԺ աշխատակազմում, արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: 2019-ի հուլիսին Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: 2022-ի հունվարի 20-ին Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարին։ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է վեց տարի ժամկետով։