2022-ին Հայաստանը շուրջ 144 մլրդ դրամի աջակցություն է տրամադրելու Արցախին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը նշել է, որ 2022-ին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին։

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարևոր է, և մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության և փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում»,- ասել է վարչապետը։

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախում արդեն 300 բնակարան հանձնվել է տեղահանված զոհվածների ընտանիքներին․ «Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին»։

«Ի դեպ, պարոն, վարչապետ, նշեմ նաև, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է»,- նշել է Արցախի նախագահը։