ԵՄ-ն խստացնում է Սիրիային զենքի մատակարաման արգելքը

Եվրամիությունը որոշում է ընդունել ընդլայնելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը հավանություն են տվել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հերթական՝ 17-րդ փաթեթին, հաղորդում է Reuters-ը։ Մասնավորապես՝ խստացվել է Սիրիային զենքի մատակարարման արգելքը, ինչպես նաև ավելացվել է երկրի ղեկավարության դեմ ընդունված սահմանափակող միջոցառումների ցուցակը։

Համաձայն նոր կանոնների՝ ԵՄ երկրներում իրականացվելու է Սիրիա զենք և արգելված այլ ապրանքներ փոխադրելու մեջ կասկածվող ինքնաթիռների ու նավերի ստուգում։ Բացի այդ՝ Եվրամիության երկրների արտգործնախարարները սառեցրել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի հետ կապված ևս 26 անձանց ակտիվներ և արգելել են նրանց մուտքը ԵՄ երկրներ։ Նաև եվրոպական ընկերություններին արգելել են գործարքներ իրականացնել սիրիական երեք ընկերությունների հետ։

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նշել է, որ նոր միջոցառումները մեծ կարևորություն ունեն սիրիական ճգնաժամի լուծման համար։

Սիրիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների նախորդ՝ 16-րդ փաթեթն ընդունվել էր հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում։

Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է անցյալ տարվա մարտից։

Մեկնաբանել