Հայաստանում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել․ Թրանսփերենսի ինթերնեշնլ

Թրանսփերենսի ինթերնեշնլ միջազգային կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021-ի համաթիվը, ըստ որի՝ Հայաստանը հնարավոր 100 միավորից ստացել է 49-ը։ Կոռուպցիայի ընկալման համաթիվը կիրառում է 0-ից՝ «բացարձակապես կոռումպացված», մինչև 100՝ «բացարձակապես մաքուր» սանդղակը:

Զեկույցում ներկայացված են 180 երկրների տվյալները։ Հայաստանը 58-րդ հորիզոնականը կիսում է Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ։

«Հայաստանը վերջին հինգ տարվա կտրվածքով կոռուպցիայի ընկալման տեսակետից հաջողության օրինակ է։ 2017-ից ի վեր ՀՀ-ն 14 միավոր է վաստակել և դրանց թիվը հասցրել է 49-ի։ 2018-ից ամրապնդվել են քաղաքացիական ազատությունները, ինչը ճանապարհ է հարթում ավելի կայուն քաղաքացիական ներգրավվածության և հաշվետվողականության համար։ Չնայած առաջընթացին՝ Հայաստանում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել: Կառավարությունը պետք է վերահաստատի իր հանձնառությունը բարեփոխումների օրակարգին»,- ասված է զեկույցում։

Կոռուպցիայի ընկալման 2020-ի համաթվում Հայաստանը կրկին ստացել էր 49 միավոր։

Հարևան երկրներից միայն Վրաստանն է Հայաստանից ավելի լավ ցուցանիշ գրանցել կոռուպցիայի ընկալման 2021-ի համաթվում՝ 55 միավոր։ Թուրքիան ստացել է 38 միավոր, Ադրբեջանը՝ 30, Իրանը՝ 25։ Ռուսաստանն ունի 29 միավոր։

Թրանսփերենսի ինթերնեշնլի փորձագետների գնահատմամբ՝ ոչ կոռուպմացված երկրներն են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան։ Այս երեք երկրները վաստակել են ամենից շատ՝ 88 միավոր։ Ամենակոռումպացված երկրներն են Հարավային Սուդանը՝ 11 միավոր, Սիրիան և Սոմալին՝ 13-ական միավոր։




Դեղինով նշված են «բացարձակապես մաքուր» երկրները, կարմիրով՝ «բացարձակապես կոռումպացվածները»

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել