«Քաղաքացիական պայմանագիրը» խուսափում է նախագահի հավանական թեկնածուների վերաբերյալ հարցերից

«Քաղաքացիական պայմանագիրը» ներկայում «ժամանակավրեպ» է համարում նախագահի թեկնածության հարցի քննարկումը։ Այդ մասին հունվարի 25-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանը պետք է լքի պաշտոնը, նոր միայն քննարկեն հարցը։

Նրա գործընկեր Վահագն Հովակիմյանը մեջբերումներ արեց օրենքից ու ասաց, թե այս ընթացքում նախագահը կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը։

Լրագրողները կրկին ճշտող հարց տվեցին, թե ի վերջո ում են տեսնում այդ պաշտոնում։ ՔՊ-ական պատգամավորները խուսափեցին պատասխանել կոնկրետ հարցին՝ հավելելով, որ երբ ժամկետը լրանա ու սկսվի թեկնածուների քննարկումը, ապա իրենք էլ կմիանան դրան։

Հարց եղավ նաև Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցի վերաբերյալ, Հովակիմյանը պատասխանեց, որ դեռևս վերջնական վճիռ կամ որոշում չկա, որպեսզի եզրահանգումներ անեն, թե Սարգսյանը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել նախագահ ընտրվելուց առաջ։

Այսօրվա ճեպազրույցին նաև անդրադարձ կատարվեց քաղբանտարկյալների հարցին։ Հունվարի 25-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ «քաղբանտարկյալ» հասկացությունը ամրագրված է Եվրոպայի խորհրդի բանաձևերով, ու մեր երկրում նման կարգավիճակ ունեցող անձ չկա. «Խոսքը պարզապես գնում է ընդամենը խափանման միջոցի մասին, ոչ թե քաղբանտարկյալի հարց է, այլ ընդամենը խափանման միջոցի փոփոխման»,- շեշտեց պատգամավորը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել