Նիկոլ Փաշինյանը հանցակից է Արմեն Սարգսյանին. ընդդիմադիր պատգամավոր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանցակից է նախագահ Արմեն Սարգսյանին՝ քաղաքացիության հետ առկա խնդիրներում․ Ազգային ժողովում հունվարի 24-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով «Հետքի» հրապարակմանը։

«Ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը խորհրդարանում, երբ բարձրաձայնում էր, որ Արմեն Սարգսյանն ունի քաղաքացիության խնդիրներ։ 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ անդրադարձ այդ հարցին տեղի չի ունեցել։ Երեկ հրապարակումն ակնհայտորեն ցույց տվեց, որ Արմեն Սարգսյանը ոչ միայն այդ դրվագով քաղաքացիության խնդիր է ունեցել, որը մատնացույց էր անում Փաշինյանը, այլ նաև այլ դրվագներով»,- ընդգծեց Խամոյանը։

Խամոյանը պնդեց որ Նիկոլ Փաշինյանն իմացել է խնդրի մասին. «Այստեղ նաև հանցակից է Նիկոլ Փաշինյանը, որովհետև իմացել է փաստերով 2018-ից հետո և չի խոսել դրա մասին»։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, անդրադառնալով նախագահի թեկնածության հարցին, նշեց, թե դեռևս վերջնական որոշում չունեն։ Առաջիկայում կներկայացնեն իրենց դիրքորոշումը։

Գևորգ Թոսունյան