Օգնությունը լավ է, բայց կարևոր են աշխատատեղերն ու անվտանգությունը․ Գորիս համայնքի խնդիրների շուրջ

Պատերազմից հետո Գորիս համայնքի առաջնահերթությունները փոխվել են․ անվտանգության ու սոցիալ-տնտեսական խնդիրների տեսանկյունից այլ կարիքներ են առաջ եկել։ Նման կարծիք հայտնեցին «Գորիս համայնքի 2022-26թթ. հնգամյա զարգացման ծրագրի» քննարկման մասնակիցները, այն տեղի է ունեցել հունվարի 19–ին Գորիսի մամուլի ակումբի նախաձեռնությամբ։ Քննարկման շրջանակում ՍիվիլՆեթի լրագրող Էմիլիա Խաչատրյանը զրուցել է Շուռնուխի և Բարձրավանի վարչական ղեկավարներ Հակոբ Արշակյանի և Օնիկ Ավագյանի, ինչպես նաև ավագանու անդամ Իրինա Յոլյանի հետ՝ համայնքի առաջ ծառացած խնդիրների շուրջ։

Շուռնուխ բնակավայրը ադրբեջանական սահմանից գտնվում է 10 մետր հեռավորության վրա, և 44-օրյա պատերազմից հետո 12 տուն հայկական կողմից անցել է հակառակորդի տարածք։ Բարձրավանը սահմանամերձ դառնալուց հետո չի կանգնել տներ կորցնելու խնդրի առաջ, բայց գյուղի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։

Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է՝ դժվար է պատկերացնել գյուղի անվտանգությունը, քանի որ անմիջապես ճանապարհի այն կողմում ադրբեջանցիներն են։

«Երեխաները տնից մենակ չեն կարող դուրս գալ, քանի որ մառախուղի դեպքում կարող են մոլորվել և անցնել ադրբեջանական տարածք, նույն խնդիրը կա նաև հովիվների հետ կապված»,- նշում է Արշակյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմում հայտնված տների բնակիչների համար կառավարությունն այսօր 13 տուն է կառուցում․ շուտով շինարարական աշխատանքները ավարտին կմոտենան։ Նա ասում է, անվտանգային խնդիրների հարցով դիմել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց խնդիրները դեռ չեն լուծվել։ Արշակյանը հավելում է՝ Կարմիր խաչը մարդասիրական օգնությունից բացի, տրամադրել է բուժկետ, որտեղ կան առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ։

Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանն էլ գյուղի անվտանգության ամենամեծ խնդիրներից մեկը համարում է գյուղի կտրված լինելը Գորիս քաղաքից։ Առաջացած խնդիրներից նաև ճանապարհն է, որը վատ եղանակի պատճառով անանցանելի է դարձել։

Բարձրավանի վարչական ղեկավարը ընդգծում է՝ «անվտանգություն ասելով՝ գեղեցիկ խոսքեր չէ, որ պիտի ասվեն, մարդիկ իրենց աչքով պիտի տեսնեն և ապահով զգան իրենց»։

Բարձրավանում անասուն պահելու հետ կապված Օնիկ Ավագյանը առանձնացնում է սպանդանոցների, ճանապարհների, արոտավայրերի և անվտանգության խնդիրները։

Երկու վարչական ղեկավարները ՍիվիլՆեթի հետ զրույցում շեշտում են՝ մարդասիրական օգնություն և գումար տրամադրվում է, բայց դա հարցի լուծում չէ, և «ինչ-որ տեղ ամոթալի է»․ շատ կարևոր է, որ աշխատատեղեր ստեղծվեն գյուղերում։

Ավագանու անդամ Իրինա Յոլյանի խոսքով էլ՝ պատերազմից հետո Գորիս համայնքի առաջնահերթությունները փոխվել են․ անվտանգության ու սոցիալ-տնտեսական խնդիրների տեսանկյունից այլ կարիքներ են առաջ եկել։ Սահմանամերձ գյուղերը շատ մեծ խնդիրներ ունեն, և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են․ դրանք նպատակաուղղված են առաջին հերթին անվտանգության ամրապնդմանը։

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

Մեկնաբանել