Թուրքիան նախատեսում է ավիաչվերթներ բացել Հայաստանից դեպի Վան և Կարս․ թարմացված

Անկարան ծրագրում է թռիչքները բացել Հայաստանի հետ և ընդլայնել առևտրային կապերը։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումներին։

«Որպես առաջին քայլ որոշվել է բացել Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Հետագայում օրակարգ կբերվի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է հայերի համար դառնալ զբոսաշրջային կենտրոն։ Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսիք են Կարսի մոտ գտնվող կամուրջը և շենքերը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,- գրում է թուրքական թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Դեկտեմբերի 23-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն հայտարարել էր, որ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Հայաստանի ավիացիոն իշխանություններն էլ թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

***

Լրացված։ ՍիվիլՆեթը, հղում անելով «ՌԻԱ նովոստի»-ին, գրել էր, թե Թուրքիան նախատեսում է չվերթներ իրականացնել դեպի Հայաստանի մարզեր, սակայն ուսումնասիրելով Hürriyet թերթի հրապարակումը՝ պարզվեց, որ «ՌԻԱ նովոստի»-ն սխալ տեղեկություն է հրապարակել։

Մեկնաբանել