Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու գրավոր որոշում չկա

Ռուբեն Ռուբինյան

Հովհաննես Նազարեթյան

Հունվարի 19-ին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին պաշտոնական փաստաթուղթ։

Մանուկյանը հայտարարեց, որ պետք է լինի փաստաթուղթ, որով սահմանված են Ռուբինյանի լիազորությունները, պարտականությունները, առաքելության նպատակը և հանդիպումներից հետո հաշվետվողականության ձևաչափը։

«…հակառակ դեպքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանգամանքը խիստ տարբեր են մակարդակներով և հավասարը-հավասարի չեն բանակցում, որովհետև Ռուբեն Ռուբինյանը […] հանդիպելու է Թուրքիայի նախագահի կողմից հրամանագրով նշանակված հատուկ ներկայացուցչի հետ…»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Փաշինյանի արձագանքը

Նիկոլ Փաշինյանը Մանուկյանին պատասխանեց, որ Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ինքն է կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով․ «Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ Անվտանգության խորհրդին և մեծ հաշվով՝ ՀՀ ժողովրդին»։

Մանուկյանը ճշտող հարցով պատասխանեց. «Կա՞ որևէ գրավոր փաստաթուղթ»։ Փաշինյանը հարցից խուսափեց՝ հայտարարելով. «Անկախ նրանից՝ ով կբանակցի, ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես։ Էս ինչի՞ մասին եք խոսում»։

․․․

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (#CivilNetCheck) հարցումներ ուղարկեց՝ փորձելով պարզել՝ ի վերջո կա գրավոր փաստաթուղթ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։ Թուրքիայի կողմից բանակցող Սերդար Քըլըչի նշանակման մասին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը հրապարակվել էր հունվարի 11-ին։

Կա՞ փաստաթուղթ

Ազգային ժողովից պատասխանեցին, որ այդ հարցին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում։ Փաստացի ԱԺ-ն հղում էր անում Փաշինյանի՝ վերը նշված խոսքերին։

#CivilNetCheck-ը նաև հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ։ Հարցումը, սակայն, վերահասցեագրվել է ԱԳՆ։

ԱԳՆ-ից պատասխանել են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմից հատուկ ներկայացուցչի գործառույթների իրականացումը պատվիրակվել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին, որի վերաբերյալ եղել է «ՀՀ կողմից համապատասխան հայտարարություն»։

Ավելին, ԱԳՆ-ի պատասխանում նշվում է, որ Ռուբինյանը չի զբաղեցնում որևէ պաշտոն, որի համար իրավական ակտ պետք լիներ։ «Տվյալ դեպքում հատուկ ներկայացուցիչը իրավական ակտով նշանակվող պաշտոն չէ, այլ որոշակի գործառույթ կատարող անձ է, որն առաջադրվել է քաղաքական որոշման հիման վրա»,- ասվում է ԱԳՆ պատասխանում։

Դեկտեմբերի 18-ին արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 15-ին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի բանագնաց կլինի Սերդար Քըլըչը։

Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում՝ հունվարի 14-ին։

Այսպիսով, Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշում կամ հրաման չկա։ Ըստ ԱԳՆ պատասխանի՝ դա քաղաքական և ոչ թե իրավական ակտով նշանակվող պաշտոն է։

Մեկնաբանել