Իշխանությունը փորձում է փակել տեղեկատվական համակարգը. Տիգրան Աբրահամյանը՝ բանակում զոհերի մասին

2021-ի ընթացքում բանակում ունենք ոչ մարտական կորուստներ, սակայն պաշտպանության նախարարը չի տիրապետում այդ տեղեկությանը. հունվարի 25-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բացի այդ, փաստացի հաստատում ստացավ այն, որ 2021-ի նոյեմբերին ունենք կորած պայմանագրային զինծառայող, որի մասին պաշտպանական գերատեսչությունը որևէ տեղեկություն չի հաղորդել և ամեն ինչ անում է, որ նմանատիպ դեպքերը որևէ ձևով չհանրայնացվեն»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ տեղեկատվական առումով տեղ է ունենում պետական կառավարման համակարգի «փակում»։

«Իշխանության կողմից կան նաև որոշակի ազդակներ, որ այն տեղեկությունները, որոնք իշխանության քիմքին հաճելի չեն, հրապարակայնացվելով կարող են հանգեցնել քրեական տարբեր գործերի հարուցման»,- ամփոփեց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ իշխանությունը փորձում է «ամբողջությամբ փակել տեղեկատվական համակարգը»։

Հարց եղավ Հանրապետության նախագահի թեկնածուների վերաբերյալ, Աբրահամյանը պատասխանեց, որ խմբակցությունն այս պահին այդ հարցը չի քննարկվել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել