Մարիաննա Կոտովա, OC Media
Աբխազիան արգելել է աբխազների և վրացիների միջև երկխոսության խթանմանն ուղղված ԵՄ-ՄԱԿ-ի համատեղ նախագիծը՝ վերջիններին մեղադրելով Վրաստանի կառավարության նպատակներին աջակցելու մեջ:
Աբխազիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, արտգործնախարար Ինալ Արձինբան չորեքշաբթի Աբխազիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի հետ հանդիպմանը քննադատել է Վստահության կառուցման վաղ արձագանքման մեխանիզմը (COBERM, Confidence Building Early Response Mechanism):
Վստահության կառուցման վաղ արձագանքման մեխանիզմը բազմամիլիոնանոց ծրագիր է, որը գործում է 2010-ից։ Այն ֆինանսավորում է ԵՄ-ն, իրականացնում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:
«Այդ նախագծի իրականացումն անընդունելի է Աբխազիայի տարածքում։ Գրի առեք սա և այլևս նման նախագծեր մի՛ իրականացրեք: Մենք ձեզ արգելում ենք դա անել»,- ըստ տեղեկությունների՝ ասել է Արձինբան։
Աբխազիայի ԱԳՆ խոսնակը OC Media-ի հետ զրույցում հաստատել է, որ իրենք արգելել են Վստահության կառուցման վաղ արձագանքման մեխանիզմը։
«Վստահության կառուցման վաղ արձագանքման մեխանիզմը» չի արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին, սակայն իր հաղորդագրությունում Աբխազիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ ՄԱԶԾ-ն համաձայնել է «կանխել նման նախագծերի հետագա իրականացումը»:
«Վստահության կառուցման վաղ արձագանքման մեխանիզմի» միջոցառումների շարքում ֆինանսավորում են վրացիների և աբխազների միջև հանդիպումները, որոնք սովորաբար անցկացվում են տարածաշրջանից դուրս: Ազդարարված նպատակն է աջակցել «նախաձեռնություններին, որոնք կարող են ազդեցություն ունենալ հակամարտություններով բաժանված համայնքների ներսում և դրանց միջև վստահության ամրապնդման վրա»:
Արձինբան չորեքշաբթի ասել է, որ «աբխազ և վրացի փորձագետների ու երիտասարդների միջև ուղիղ երկխոսության հաստատմամբ»՝ ծրագրի իրական նպատակը «Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնելն է»։
Հաղորդվում է, որ նա նաև քննադատել է ՄԱԶԾ-ին Աբխազիայում վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման համար, «որը բարձրացրել է ներքաղաքական բնույթի խնդիրներ և ուսումնասիրել Վրաստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը»։ Ըստ նրա՝ միայն իշխանություններին է օրենքով թույլատրված սոցիոլոգիական հարցումներ անցկացնել։
Հաղորդվում է, որ Արձինբան գովաբանել է միջազգային կազմակերպությունների այլ նախագծերը, որոնք ուղղված են տնտեսական զարգացմանը և մարդասիրական աջակցությանը, իսկ նախարարության խոսնակը պնդել է, որ արգելքը չի տարածվի ՄԱԶԾ-ի բոլոր գործողությունների վրա:
«Համառ խնդրանք Մոսկվայից».
Թեև արգելքի մասին լուրը մեծապես ողջունվում է Աբխազիայի սոցիալական ցանցերում, ոմանց համար դա ահազանգ է՝ աշխարհից Աբխազիայի հետագա մեկուսացման մասին:
Աբխազ լրագրող և քաղաքական մեկնաբան Ինալ Խաշիգը, որը մասնակցել է ոչ պաշտոնական երկխոսության նախագծերին, ասում է, որ որոշումը «երիտասարդների հաշվին» է և կսահմանափակի Աբխազիայի հասարակական կազմակերպությունների գործունեությունը։
Խաշիգը OC Media-ին ասել է, որ այդ քայլը սպասելի էր՝ հաշվի առնելով Մոսկվայի ճնշումը:
«Արդեն մի քանի տարի է, ինչ Մոսկվայից համառ պահանջ է հնչում սահմանափակելու միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Աբխազիայում՝ ըստ ռուսական մոդելի»,- ասել է Խաշիգը։
Լրագրողը վկայակոչել է Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» օրենքը, որը խստորեն սահմանափակել է քաղհասարակության խմբերին Ռուսաստանում՝ ասելով, որ «ամեն ինչ գնում է այս ուղղությամբ»։
«Կարծում եմ, որ ի վերջո այս օրենքը կընդունվի [Աբխազիայում], բայց այն այնքան խիստ չի լինի, որքան Ռուսաստանում։ Այս քայլը ցույց կտա, որ մենք համագործակցում ենք մեր դաշնակցի հետ»։
Նա նաև խոսել է Աբխազիայի «միջազգային մեկուսացմանը հակազդելու մասին օրենքի» մասին, որն այժմ քննարկվում է խորհրդարանում։
«Չնայած նման անվանմանը, այն սահմանափակում է միջազգային կազմակերպությունների գործունեությունը Աբխազիայում։ Միջազգային հանրության կողմից Աբխազիայի դեմ գործող պատժամիջոցների պատճառով, որոնք գոյություն ունեն Վրաստանի առաջարկով, այս օրենքը Աբխազիային է՛լ ավելի կտանի մեկուսացման»,- ասել է լրագրողը։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի