Սերժ Սարգսյանը, նախկին նախարարներ հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով

Հայաստանի երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնատար անձինք հարցաքննվել են Մեղրի-Կապան երկաթգծի մի հատվածում հափշտակության գործով. ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվել են ՀՀ երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարները և նախարարների նախկին տեղակալը, տրանսպորտի և կապի նախկին նախարարն ու վերջինիս նախկին տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ԱԱԾ նախկին պաշտոնատար անձինք. նախաքննության այս փուլում որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,- նշում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հայտնում են նաև, որ «քննության առարկա է հանդիսացել և հաշվի է առնվել նաև երկաթգծի ապամոնտաժման աշխատանքներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության հանգամանքը»։

«ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մեղրի-Կապան 46,7 կմ երկարությամբ երկաթգծի մի հատվածում հափշտակություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ»,- ամփոփում է ՀՀ ՔԿ-ն։

2017-ի օգոստոսին ՍիվիլՆեթը երկաթգծի թալանի վերաբերյալ հրապարակում արեց, որից հետ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց գլխավոր դատախազին, հարուցվեց քրեական գործ։

2018-ի սեպտեմբերին ՍիվիլՆեթը հետաքննություն անցկացրեց՝ բացահայտելով, որ երկաթգծի ապամոնտաժմանը մասնակցել են զինվորականները։ Հետագայում ՊՆ-ից հաջողվեց ստանալ ուշագրավ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2003-ին, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր (նա պաշտոնավարել է մինչև 2007-ը), գերատեսչությունը ԱՇԻԲ Մեղրու մասնաճյուղի հետ պայմանագիր է կնքել 2000տ (30,77 կմ) երկաթուղային ուղեգծերի ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 21,3 մլն դրամ։

Ապամոնտաժումից և երկաթգիծը ստանալուց հետո ՊՆ-ն երկաթուղային P-50, P-65 տեսակի ռելսերը (P-ն «Рельс» բառի սկզբնատառն է, իսկ դրան հաջորդող թիվը՝ խտությունը, երկաթուղային ռելսերը լինում են այս երկու և Р75 տեսակի)՝ մինչև 2000տ ընդհանուր քաշով, վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ ընդհանուր 320 հազար ԱՄՆ դոլարով։

2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները որոշեցին սկիզբ դնել ապաշրջափակման գործընթացին։ Մեկ տարվա ընթացքում բանակցությունները հասան այն հանգրվանին, որ հարկավոր է նախ և առաջ շահագործել երկաթգիծը։

Մեղրիի երկաթգծի վերականգնումը, նախնական գնահատականով, կարժենա 200 մլն դոլար ու կտևի երեք տարի։ Ադրբեջանն իր հերթին այս տարվա սկզբից սկսել է Հորադիզ-Մեղրի երկաթուղու վերականգնումը։

Գևորգ Թոսունյան