Չենք մեկնաբանում դավադրության տեսությունները և քաղաքական առասպելաբանությունները․ նախագահի աշխատակազմ

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո ներկայացվող «դավադրության տեսություններին և քաղաքական առասպելաբանությանը»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը իր հրաժարական մասին անսպասելի հայտարարեց կիրակի երեկոյան՝ նշելով, որ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

Երկուշաբթի «Հետք» պարբերականը հետաքննություն հրապարակեց՝ պնդելով, որ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել իր՝ այլ երկրի քաղաքացիության բացահայտումից հետո։ Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ։

Մեկնաբանել