Եզդի իրավապաշտպանին ԱԱԾ-ն հետապնդել է իր գործունեության համար, պնդում է պաշտպանը

Հունվարի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։ Սուլթանյանը մեղադրվում է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հոդվածով։ Մեղադրանքի հիմքում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հաղորդումն է։ Ըստ մեղադրանքի՝ Սուլթանյանը հարցազրույց է տվել Իրաքում գործող կայքերից մեկին ու հնչեցրել «ազգային թշնամանք հարուցող հայտարարություններ»։ Դատարանում Սուլթանյանի պաշտպան Արա Ղազարյանը հայտարարեց, թե իրավապաշտպանը հարցազրույցի հրապարակումից առաջ հետապնդվել է ԱԱԾ-ի կողմից՝ իր գործունեության համար։ Սուլթանյանը մեղադրանքը չի ընդունում, նա հայտնել է, թե լրագրողը առանց իր իմացության է հրապարակել անձնական զրույցը, իսկ հետագայում այդ զրույցի թարգմանությունում իր խոսքերը խեղաթյուրվել են։ Դատարանում այսօր հրապարակվեց նաև հարցազրույցի սղագրությունը։

Մեկնաբանել