Չավուշօղլուի ելույթը սխալ է ներկայացվել. Փաշինյանի՝ Անթալիա գնալու մասին խոսք չկա

#CivilNetCheck

Անի Գրիգորյան

Հայաստանյան լրատվամիջոցները հունվարի 27-ին, հղում անելով թուրքական աղբյուրներին, գրել էին, թե Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին մասնակցելու է Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։

Թուրքական Anadolu և NTV լրատվականներն իսկապես գրել էին, թե Չավուշօղլուն հայտարարել է, որ նախօրեին հայտնի է դարձել Հայաստանի վարչապետի` Անթալիա հնարավոր այցի մասին։

Սակայն ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNetCheck) լսեց Չավուշօղլուի ելույթը և պարզվեց, որ նրա խոսքը սխալ է ներկայացվել և իրականում Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, որ Փաշինյանը կայցելի Անթալիա։

Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հունվարի 27-ին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ էր խոսել ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման թեմային։

«Մենք ցանկանում ենք, որ բոլորի ձայնը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ լսելի լինի: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ու հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք: Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հնարավոր է՝ մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այսինքն՝ հրավիրյալ անձինք կարող են մասնակցել: Մենք դրանից գոհ կլինենք, որովհետև Ադրբեջանն էլ է գալիս, այստեղից թող Ադրբեջանն իր մտքերը հայտնի, Հայաստանը՝ իր: Միաժամանակ այն կլինի նաև վստահության ամրապնդմանն ուղղված քայլ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Փաստացի Չավուշօղլուն նկատի ունի Ռուբեն Ռուբինյանին և Արարատ Միրզոյանին և Փաշինյանի՝ Անթալիա այցի մասին նա չի խոսել։

Հունվարի 24-ի առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը»։

Հատկանշական է, որ Հայաստանի ԱԳ նախարարի ու հատուկ բանագնացի մասնակցության մասով էլ Չավուշօղլուի խոսքը որոշ թուրքական կայքեր խեղաթյուրված են ներկայացրել՝ պնդելով, որ Ռուբինյանն ու Միրզոյանը «մասնակցելու են» և ոչ թե՝ «հնարավոր է՝ մասնակցեն»։ Թուրքական մամուլի այս պնդումներն ապակողմնորոշել են հայաստանյան մի շարք լրատվամիջոցների (այդ թվում՝ ՍիվիլՆեթին), և նրանք շտկել են տեքստը կամ ընթերցողներին իրազեկել տեղի ունեցածի մասին։

Մեկնաբանել