ՀՀ քաղաքացիները չեն հատում Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետը․ ԱԱԾ-ն հաստատում է

գորիս-կապան ճանապարհ

#CivilNetCheck

Հովհաննես Նազարեթյան

Հայկական լրատվական կայքերում հունվարի 11-ին տարածվեց «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածը՝ «Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում» վերնագրով։

Հոդվածագիրը պնդում էր, որ «հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 դոլար»։

Հոդվածում նաև նշվում էր, որ օրաթերթը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից փորձել է ճշտել, թե ադրբեջանցիների մաքսային գանձումները սկսելու օրվանից այդ ճանապարհահատվածից օգտվելու համար ՀՀ բնակիչներն ինչքան գումար են վճարել ադրբեջանական կողմին: Նախարարը հորդորել էր գրավոր հարցում ուղարկել։

Հոդվածը վերահրապարակել էին hraparak.am, news.am, yerevan.today, nt.am, 24news.am, 4rd.am, alikonline.ir և այլ կայքեր։

ՀՀ քաղաքացիները չեն հատել ադրբեջանական անցակետը

Այն, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի վրա Ադրբեջանը մաքսային և սահմանային կետեր է տեղադրում, հայտնի դարձավ 2021-ի նոյեմբերի 10-ին։ Այդ մասին հայտնել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում։

Իրավիճակը հասկանալու համար ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը հարցում ուղարկեց Պետական եկատումների կոմիտե (ՊԵԿ) և Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։ ՊԵԿ-ից տեղեկացրին, որ իրենք Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական մաքսակետը հատող անձանց առանձնացված հաշվառում չեն իրականացնում և նրանց վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում։ Իսկ ԱԱԾ-ից հայտնեցին, որ 2021-ի նոյեմբերի 10-ից հետո Գորիս-Կապան ճանապարհի վրա տեղադրված ադրբեջանական անցակետը ՀՀ քաղաքացիները չեն հատել։

ՍիվիլՆեթի՝ Գորիսի թիմն անդրադարձել է թեմային

Այն, որ ՀՀ քաղաքացիները չեն օգտվում ադրբեջանական վերահսկողոթյան տակ հայտնված ճանապարհահատվածից, հաստատել էր նաև ՍիվիլՆեթի Գորիսի թիմը, որը տեղեկատվությունը ճշտել էր ինչպես Քարահունջ գյուղի բնակիչներից, այնպես էլ տեղում ծառայող հայ սահմանապահներից։ Վերջիններս հայտնել են, որ հայկական պետհամարանիշով մեքենաներին չի թույլատրվում հատել անցակետը՝ անվտանգության նկատառումներով։ Հայ սահմանապահները թողնում են միայն Քարահունջ գյուղի բնակիչներին, որոնք հայկական անցակետից այն կողմ այգիներ ունեն։

Ինչ վերաբերում է իրանցի վարորդների կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհից օգտվելուն, ապա տեղացիները նշում են՝ օրական առավելագույնը հինգ բեռնատար է անցնում այդ հատվածով, մնացածը նախընտրում են այլընտրանքային ճանապարհը։