Ինչու է Երևան-Ստամբուլ ուղղությունը ազատվել օդի հարկից. պատասխանը՝ օրենքում

#CivilNetCheck

Հայկ Հովհաննիսյան

Հունվարի 27-ին 168․am կայքը ««Ժող ջանի» հաշվին՝ Փաշինյանի նվերը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին» վերնագրով հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի՝ օրերս ընդունած որոշմանը՝ Երևան-Ստամբուլ ուղղությամբ մեկնող ուղևորներին մաքսային տուրքից («օդի տուրք») ազատելու վերաբերյալ։

«Ի դեպ, կոմիտեն հաղորդագրության մեջ նշել է՝ իբրև թե դա անում է «ուղևորների» համար: Իրականում սա մանիպուլյացիա է, քանի որ այս որոշումը Հայաստանի պետբյուջեի հաշվին ուղղակի աջակցություն է շաբաթական բազմաթիվ թռիչքներ իրականացնող ավիաընկերությանը՝ խթանելով չվերթի այդ ուղղությունը: Այդպիսով պետական բյուջեն զրկվելու է հավելյալ հարյուրավոր միլիոնների հասնող մուտքերից»,- գրել է կայքը, նաև հարցադրում արել, թե ինչու մյուս ավիաընկերությունների համար էլ նման արտոնություններ չեն սահմանում, եթե դա անում են հանուն ուղևորների:

FlyOne Armenia ընկերությունը, որը կապվում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, հայտարարել է, որ փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ է իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ: Խաչատուր Սուքիասյանը հաստատել էր, որ իր ընտանիքի անդամներից ներգրավված են այդ ընկերության մեջ։

Հոդվածը արտատպվել է Armday.am և սունկ կայքերում։

Օդի տուրքից ազատումը օրենքի պահանջ է, դրանից ազատվում են ոչ թե ավիաընկերությունները, այլ ուղևորները

Լրատվականի արած պնդումը, թե այլ ավիաընկերությունների համար էլ նման արտոնություններ չեն սահմանվում, ինչպես նաև ակնարկը, թե արտոնությունը Փաշինյանի կողմից նվեր է, մոլորեցնող են։

Այսպես, «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 30-րդ մասը՝ (Օդի տուրքը) գործում է դեռ 1997-ից և այն սահմանում է Հայաստանից օդանավով ֆիզիկական անձանց (ուղևորների) ելքի պետական տուրք՝ 10 հազար դրամ։

Տարբեր տարիներին դրանում կարգավորումներ են կատարվել և այժմ դրանից ազատված են «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղևորները, երեխաները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և մի շարք այլ անձինք ։

2019-ի դեկտեմբերին «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում էր իրականացվել, ըստ որի՝ հարկային արտոնություններ էին սահմանվում այն ընկերությունների համար, որոնք չվերթներ են բացում նոր, մինչդ այդ առնվազն մեկ տարի չսպասարկվող ուղղություններով։

Flyone Armenia-ն հիմնադրվել է 2021-ին, երբ արդեն երկու տարի արտոնությունն ուժի մեջ էր։

Այսինքն, արտոնությունը սահմանված է ոչ թե ավիաընկերության, այլ տվյալ ուղղությամբ մեկնող ֆիզիկական անձանց՝ ուղևորների համար։ Նույն ուղղությամբ կարող են չվերթներ կազմակերպել մի քանի ընկերություններ:

Ըստ քաղավիացիայի կոմիտեի հրապարակած տվյալների՝ նոր ուղղությունները, որոնք ազատված են «օդի տուրքից», շուրջ քսանն են, դրանցով Երևանից ուղևորափոխադրումներ են կատարում տասնյակից ավել ավիաընկերություններ։ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne-ը ներկայում թռիչքներ է իրականացնում նման երեք ուղղությամբ` Ստամբուլ, Լիոն և Թել Ավիվ։ Դեպի Ստամբուլ արտոնյալ ուղղությամբ ուղևորափոխադրում է կատարելու նաև թուրքական Pegasus ավիաընկերությունը։

Պայքար գոյություն չունեցող հաղորդագրության հետ

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշվող քաղավիացիայի հաղորդագրությանը, որում իբրև նշվել էր, թե որոշումը արվում է «ուղևորների» համար, ինչն էլ 168.am-ը որակել էր որպես մանիպուլյացիա, փաստերի ստուգման թիմին՝ CivilNetCheck-ին, չհաջողվեց այն գտնել։ Կոմիտեի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև պաշտոնական կայքում նմանատիպ հաղորդագրություն չկա։

CivilNetCheck-ը կապ հաստատեց կոմիտեի հետ՝ պարզելու արդյոք այն հաղորդագրություն տարածել է, որում կնշվեր, թե «տուրքից ազատումը արվում է ուղևորների համար»։ Կոմիտեից նշեցին, որ մամուլի հաղորդագրություններ չեն ուղարկում, իսկ նման հայտարարություն առհասարակ չեն տարածել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ևս պարզաբանել է

Լրատվականի այս հրապարակմանը արձագանքել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և կրկին հայտնել, որ արտոնությունը վերաբերում է նոր ուղղություններով մեկնող ավիաընկերությունների ուղևորներին, այլ ոչ թե ավիափոխադրողներին։

Մեկնաբանել