Մհեր Գրիգորյանը սխալվում է. 2022-ին ծառայողական մեքենաների թիվն իսկապես աճելու է

ծառայողական մեքենաներ

Անի Գրիգորյան

#CivilNetCheck

Հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե պաշտոնյաները այդպես էլ չեն հրաժարվում ծառայողական մեքենաներից և նույնիսկ 2022-ի բյուջեի նախագծով դրանց թիվը 10-ով ավելանալու է, նշեց՝ «չկա տենց բան» և «չի կարող պատահել»։

«Մեքենաների թիվը կրճատվել է, հարգելի գործընկերներ, խնդրում եմ՝ գոնե օբյեկտիվ եղեք…։ Չի կարող պատահել, դուք թվերը պետք է ամբողջությամբ ուսումնասիրեք»,- հայտարարեց Գրիգորյանը՝ կրկին պնդելով, որ ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է։

Սակայն Մհեր Գրիգորյանը սխալվում է, քանի որ Ֆինանսների նախարարությունից ստացված տվյալները փաստում են, որ 2021-ի համեմատ 2022-ին ծառայողական մեքենաների թիվն ավելանալու է։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNetChechk) անդրադարձել էր 2018թ. հեղափոխությունից հետո ծառայողական մեքենաների թվի փոփոխության միտմանը։

Ծառայողական մեքենաների թիվը 2017-ից ի վեր

Ըստ բյուջեի տվյալների՝ 2017-ին ծառայողական մեքենաների թիվը եղել է 915, 2018-ին՝ 902: 2019-ին ի սզբանե ցուցանիշը նշված էր 834, որը 2018-ի համեմատ կրճատվել էր 68 մեքենայով, սակայն իրականացվել էր տվյալների ճշգրտում, և ցուցակում ներառվել էր այն մեքենաների թիվը, որոնց պահպանման ծախսերը մինչև 2019-ը ներառյալ կատարվում էին արտաբյուջետային միջոցների հաշվին, և 2019-ին ծառայողական մեքենաների թիվը դարձել էր 1 082:

2020-ին ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 158-ով՝ դառնալով 924:

2021-ին ծառայողական մեքենաների թիվը գրված էր 923։ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2022-ին պետական մարմինների ծառայողական մեքենաների թիվը կլինի 933:

Ինչպես երևում է՝ ի տարբերություն 2021-ի՝ ընթացիկ տարում ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն չի նվազի, այլև կաճի 10-ով։