Արցախի ազատ կամարտահայտության մասին Փաշինյանի պնդումն ու նենգափոխիչ եզրահանգումը

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ի իր մամուլի ասուլիսի ընթացքում հերթական անգամ անդրադարձ կատարեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի պատմությանը: Ասուլիսի ընթացքում Փաշինյանի` այս թեմայով արած ամենահետաքրքրական հայտարարությունը կապված էր վերջին տասնամյակի բանակցային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության վերաբերյալ կետին:

Փաշինյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ Կազանի փաստաթղթի ԼՂ ազատ կամարտահայտության մասին կետում տեղ գտած ձևակերպումը այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը», 2015-ին բանակցային սեղանին դրված ռուսական առաջարկների մեջ բացակայում էր: Նրա պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը դրանից հետո նույնիսկ դիմում էր գրել միջնորդներին՝ խնդրելով վերականգնել այդ ձևակերպումը:

Նիկոլ Փաշինյանը իրավացի է, երբ նշում է, որ տվյալ ձևակերպման նշանակությունը կարևոր է: Այս ձևակերպման գոյության պարագայում ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեի արդյունքը մեծ հաշվով կանխորոշված կլիներ, նույնիսկ եթե այն անցկացվեր փաստաթղթի ստորագրման պահից 100 տարի հետո: Ձևակերպման բացակայության պարագայում Ադրբեջանի համար որոշակի հնարավորություններ կստեղծվեին հասնել կարգավիճակի հարցում իր համար ցանկալի լուծման:

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի պնդումները Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ վերջին շրջանում հաճախ նենգափոխված են: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Փաշինյանը բանակցային գործընթացի տարբեր դրվագների ու տարրերի սեփական յուրահատուկ մեկնությունների միջոցով փորձում է նվազեցնել պատասխանատվության իր աստիճանը՝ սլաքները ուղղելով դեպի ՀՀ նախկին իշխանություններ:

Այդ առումով կարևոր է համեմատել ՀՀ վարչապետի վերոնշյալ պնդումը 2015-ից 2020 թվականը բանակցային սեղանին դրված փաստաթղթի նախագծերի բովանդակության վերաբերյալ բաց աղբյուրներից հայտնի տեղեկությունների հետ:

2015-ի ռուսական առաջարկները, որոնք հայտնի են նաև «Լավրովի պլան» ոչ պաշտոնական անվանմամբ, ի տարբերություն նույն Կազանի փաստաթղթի, մինչ այսօր ամբողջությամբ չեն հրապարկվել: Փաստաթղթի որոշ տարրերի մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո տեղեկություններ է հրապարակել Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Այսպես, 2021-ի հունվարի 13-ին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի արաձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։

Պոպովը իր պատասխանում նշում էր այն բոլոր տարրերը, որոնք բացի շրջանների վերադարձից գոյություն ունեին ռուսական առաջարկների մեջ: Ի տարբերություն այլ տարրերի, ԼՂ վերջնական կարգավիճակի մասին կետը Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահը ներկայացրել էր փաստաթղթից ուղիղ մեջբերմամբ․

«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո (անցկացվելիք) համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և կունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Միևնույն ժամանակ, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվի, իսկ հանրաքվեի ցանկացած արդյունք կհարգվի կողմերի կողմից»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը երկրորդ անգամ այս հարցին անդրադարձ կատարեց արդեն 2021-ի դեկտեմբերի 3-ին, երբ արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին կետին անդրադարձ կատարելիս՝ ՌԴ ԱԳՆ-ն կրկին ուղիղ մեջբերում էր փաստաթղթից, որը 100 տոկոսով նույնական էր Իգոր Պոպովի տարեսկզբյան մեկնաբանության մեջ տեղ գտած մեջբերման հետ:

Ինչպես տեսնում ենք, ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված մեջբերումներում, ի տարբերություն կազանյան փաստաթղթի, 1988-ի էթնիկ համամասնության վերաբերյալ ձևակերպումը բացակայում է: Իհարկե, չի կարելի բացառել, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչ ամբողջությամբ է մեջբերել ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ կետը փաստաթղթից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պոպովի մեկնաբանության, թե՛ ՌԴ ԱԳՆ պարզաբանման դեպքում նպատակ էր հետապնդվում ցույց տալ, որ սեղանին դրված փաստաթուղթը հավասարակշիռ էր և պարունակում էր կետեր, որոնք արտահայտում էին նաև հայկական կողմի շահերը, ապա էթնիկ համամասնության վերաբերյալ ձևակերպումը դրա առկայության դեպքում վստահաբար ևս ներառված կլիներ մեջբերումների մեջ:

Ռուսական առաջարկների կամ այսպես կոչված «Լավրովի պլանի» բովանդակության մասին վերջին տարիների ընթացքում գրել էր նաև մեկ այլ հեղինակավոր աղբյուր՝ Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group): Միջազգային ճգնաժամային խումբը 2017-ին հրապարակել էր «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույց, որի մեջ խոսվում էր նաև 2015-ից բանակցային սեղանին դրված փաստաթղթի բովանդակության մասին: Զեկույցի մեջ մասնավորապես նշվում էր, որ երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2015-ին առաջին անգամ կողմերին ներկայացրեց իր առաջարկները, դրանք այնքան վատ ընդունվեցին Երևանում, որ հայ պաշտոնյաներից մեկը նույնիսկ ենթադրում էր, որ դրանք կարող էին կազմված լինել Բաքվում: Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում նշվում էր, որ ի հեճուկս Հայաստանի ակնկալիքների՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս իր ապագա կարգավիճակի վերաբերյալ որևէ հստակ երաշխիքներ չէր ստանում:

Արցախի համար Ադրբեջանից դուրս կարգավիճակի վերաբերյալ երաշխիքները նույն Կազանյան փաստաթղթում արտահայտվում էին 1988-ի էթնիկ համամասնության մասին ձևակերպմամբ, ինչպես նաև այն շեշտադրմամբ, որ «քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Ինչպես տեսանք, Պոպովի մեկնաբանության ու ՌԴ ԱԳՆ պարզաբանման մեջ վերոնշյալ երկու ձևակերպումներից երկրորդը ներառված էր: Այսինքն, կարելի է ենթադրել, որ Ճգնաժամային խումբը Ադրբեջանից դուրս քաղաքական կարգավիճակի երաշխիքների մասին գրելիս նկատի ուներ հենց 1988-ի էթնիկ համամասնության մասին ձևակերպման բացակայությունը ռուսական առաջարկներում:

Այսպիսով, ամենայն հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը այն մասին, որ Կազանի փաստաթղթի 1988-ի էթնիկ համամասնության մասին ձևակերպումը բացակայում էր 2015-ի ռուսական առաջարկներում, համապատասխանում է իրականությանը: Սա, անշուշտ, լուրջ պարտություն էր հայկական կողմի համար, քանի որ վերացնում էր հստակությունն ու միանշանակությունը ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ ապագա հանրաքվեի արդյունքներում: Այս դրույթի առկայության դեպքում հանրաքվեի արդյունքը կանխորոշված կլիներ․ Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի միջոցով կստանար Ադրբեջանից անկախ կարգավիճակ: Ձևակերպան բացակայության դեպքում ամեն ինչ ավելի անորոշ էր դառնում: Հայաստանն ու Ադրբեջանը կարող էին ծրագրի առաջին փուլի իրագործումից հետո տարիներ շարունակ բանակցել ոչ միայն հանրաքվեի անցկացման ժամկետների, այլև այն հարցի շուրջ, թե ովքեր իրավունք ունեն մասնակցել այդ հանրաքվեին:

Միջնորդների և առաջին հերթին Ռուսաստանի տրամաբանությունը հասկանալի է այս հարցում: Կազանի ձախողված գագաթնաժողովից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև առանցքային տարաձայնությունը հենց հանրաքվեի հարցի շուրջ էր: Ադրբեջանը պատրաստ չէր համաձայնություն տալ կազանյան ձևակերպմամբ հանրաքվեի անցկացմանը: Առավել ևս, որ հանրաքվեի անցկացման ժամկետների համաձայնեցումը փոխկապակցված էր Լաչինի շրջանի ոչ միջանցքային մասերի ու Քելբաջարի շրջանի՝ Ադրբեջանին վերադարձնելու հարցի հետ: 1988-ի էթնիկ համամասնության վերաբերյալ կետը չներառելով 2015-ի առաջարկների մեջ՝ Ռուսաստանը ցանկանում էր հասնել Ադրբեջանի համաձայնությանը, վերացնել հստակությունը ԼՂ ապագա կարգավիճակի հարցի շուրջ և պայմանավորվածությունների առաջին փուլի իրականացումից հետո՝ հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի կամ այդպիսի կարգավիճակի ատրիբուտների տրամադրում ու ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայում հակամարտության գոտում, ստեղծել նոր ստատուս քվո և սառեցնել այդ ստատուս քվոն:

Այնուամենայնիվ, նույնիսկ հայկական կողմի համար այս բացասական զարգացումը հաշվի առնելու դեպքում Նիկոլ Փաշինյանի պնդումները այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ռուսական առաջարկներով կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու բոլոր հնարավորությունները, մանիպուլյատիվ են: Այո՛, կարգավիճակի հարցում Կազանի փաստաթղթում գոյություն ունեցած միանշանակությունը վերացել էր, սակայն սա դեռ չէր նշանակում, որ այդ հարցում ինչ-որ բան կանխորոշված էր: Այս փաստաթղթի ստորագրման դեպքում Հայկական կողմը առաջին փուլի պարտավավորությունները իրագործելուց հետո շարունակելու էր վերահսկողություն պահպանել Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկտամամբ: Այդ շրջանների վերադարձը Ադրբեջանին, ինչպես արդեն նշվել էր, փոխկապակցված էր լինելու հանրաքվեի անցկացման հարցում համաձայնության գալու հետ (այս մասին նշվում է նաև ՌԴ արտգործնախարարության վերոնշյալ պարզաբանման մեջ): Այսինքն, Հայաստանը հանրաքվեի անցկացման ժամկետների, բովանդակության ու դրան մասնակցելու իրավունք ունեցողների հարցերի շուրջ երկրորդ փուլի բանակցություններում շարունակելու էր լուրջ լծակ ու խաղաքարտ ունենալ:

Տարակուսելի են նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այն մասին, որ ինքը ծանր բանակցային ժառանգություն է ստացել: Նույն 1990-ական թվականների բանակցային ժառանգությունը շատ ավելի ծանր էր Հայաստանի համար, քանի որ ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմների մասին որևէ հիշատակում չէր ներառում: Ծանր ու բարդ փաստաթղթերի շուրջ պետք է բանակցել և փորձել դրանք հնարավորինս բարենպաստ դարձնել, այլ ոչ թե բանակցությունների համար նախապայմաններ առաջ քաշել, հակամարտությունը ներքաղաքական պայքարի գործիք դարձնելով պոպուլիստական հայտարարություններ հնչեցնել ու ձախողումից հետո սկսել բացատրել հանրությանը, թե այդ ձախողումը անխուսափելի էր ու կանխորոշված:

Մեկնաբանել