Գորիս-Կապան ճանապարհին գանձումների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական թվերը իրատեսական չեն

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Հայաստանյան լրատվամիջոցները 2021թ. դեկտեմբերի 12-ին տարածել էին Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևի հայտարարությունը, թե իբր Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում տեղակայված մաքսատունը երկու ամսվա ընթացքում գանձել է շուրջ 2 մլն մանաթ (1,18 մլն դոլար) գումար։ Հայաստանում այս հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել, և ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNetCheck) փորձեց ստուգել հնչեցված թվի իրատեսական լինելը։

2021-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նույն օրվանից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Համացանցում հայտնված անդորրագրերից երևում է, որ իրանցի բեռնատարների վարորդներից ադրբեջանցիները գանձել էին 221 մանաթ կամ 130 դոլար։ Երկու անդորրագրերը լրացվել են 2021-ի սեպտեմբերին և դեկտեմբերին։

Քանի որ հնարավոր չէ հստակ պարզել, թե իրանական քանի բեռնատար է օգտվել Ադրբեջանի կողմից վերահսկվող ճանապարհից և այնտեղ մաքսատուրք վճարել, մենք փորձեցինք կոպիտ հաշվարկի միջոցով հասկանալ հնչեցված թվի իրատեսական լինելը։

Որքա՞ն իրանական բեռնատար է մտել Հաայաստան

Հիշենք, որ 2021-ի հատկապես հոկտեմբերից սկսած՝ իրանական բեռնատարների մեծ մասը սկսել է երթևեկել Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհով՝ Ադրբեջանին հավելյալ մաքսատուրք չվճարելու համար։

Այն, որ շատ իրանական բեռնատարների վարորդներ չեն օգտվում Գորիս-Կապան ճանապարհից, ՍիվիլՆեթի Գորիսի լրագրող Էմիլիա Խաչատրյանի հետ զրույցում փաստել է նաև Քարահունջ գյուղի մի բնակիչ, որը ճանապարհին բենզին և յուղ է վաճառում և առևտրական կապեր ունի իրանցիների հետ։ Նա հայտնել է, որ օրական իրանական առավելագույնը հինգ բեռնատար է անցնում ճանապարհով։

Այսպես, Պետական եկամուտների կոմիտեից CivilNet Check-ը պարզել է, որ սեպտեմբերի 12-ից դետեկմբերի 12-ը (այս ժամանակահատվախի մասին էր խոսել Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահը) Մեղրիով մուտք և ելք կատարած իրանական բեռնատարների թիվը ընդհանուր 7 233 է։ Եթե անգամ դրանք բոլորը օգտվել են Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողությանն անցած հատվածով և 221 մանաթ կամ 130 դոլար մաքսատուրք վճարել ադրբեջանցիներին, ապա կստացվի որ Ադրբեջանը գանձել է 1 598 493 մանաթ կամ 940 000 դոլար, ինչը չի համընկնում Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևի հնչեցրած թվի հետ։

Միաժամանակ, ՍիվիլՆեթի Գորիսի լրագրողը Քարահունջում բենզին և յուղ վաճառող մի քաղաքացուց տեղեկացել էր, որ իրանցիները Ադրբեջանի մաքսայիններին վճարում են 250-260 դոլար, եթե տեղափոխում են հրավտանգ բեռ (գազ, յուղ)։ Եթե հաշվարկը արվի միջինացված՝ շուրջ 195 դոլար մաքսատուրքով, ապա կստացվի 1,4 մլն դոլար։

Սա սակայն Ադրբեջանի կողմից ենթադրաբար գանձված գումարի վերին սահմանն է։ Ինչպես նշեցինք, այն իրատեսական չէ, քանի որ իրանցի վարորդների մեծ մասը փաստացի օգտվում է այլընտրանքային ճանապարհից՝ կրկնակի մաքսատուրք չվճարելու համար։

Մեկնաբանել