ԵԽԽՎ-ի բառապաշարի դրական փոփոխությունը կարող է ազդակ լինել մյուս կառույցների համար

Հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևը: Այն գնահատական է տալիս Հայաստանում 2018 թվականից տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններին, անդրադարձ կա նաև այդ ժամանակահատվածում արձանագրված բացթողումներին ու մտահոգիչ զարգացումներին:

Բանաձևում հիշատակվում է նաև Ղարաբաղյան հակամարտությունը և դրա ազդեցությանը Հայաստանի վրա: Բանաձևի 5-րդ կետում մասնավորապես ասվում է․ «Վեհաժողովը նշում է, որ վերջին հակամարտությունը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, ինչպես նկարագրված է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության/Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքները» 2391 (2021) բանաձևում։ Մասնավորապես, վեհաժողովը կրկին իր վրդովմունքն է հայտնում բոլոր կողմերից սպանվածների թվի առնչությամբ և վերահաստատում է իր պահանջը՝ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն: Վեհաժողովը նաև վերահաստատում է մշակութային ու կրոնական ժառանգության կարևորությունը, շեշտում դրա պաշտպանության ու վերականգնման անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման հրատապությունը։ Այն կրկին դատապարտում է այնպիսի հայտարարությունների ու գործողությունների աճող քանակը, որոնք չեն նպաստում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության նվազեցմանը և նորմալ հարաբերությունների հաստատմանը: Վեհաժողովը ողջունում է Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը և կոչ է անում կողմերին շարունակել համագործակցությունը տարածաշրջանում ականազերծման ջանքերի շուրջ: Այն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Վերջապես, այն ընդգծում է մարդու իրավունքների հանձնակատարի հանձնարարականների իրականացման կարևորությունը, որոնք տեղ են գտել հակամարտության հումանիտար և մարդու իրավունքների հետ առնչություն ունեցող հետևանքների վերաբերյալ հուշագրում»:

Բանաձևի 5-րդ կետում տեղ գտած ձևակերպումներն ու մոտեցումները բավականին մոտ են հայկական կողմի դիրքորոշումներին: Դրանք դրական առումով տարբերվում են նույնիսկ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Ղարաբաղյան հակամարտության թեմայով ԵԽԽՎ-ի ընդունած նախորդ բանաձևի ձևակերպումներից:

Այսպես, նախորդ՝ թիվ 2391 բանաձևում հակամարտությանն առնչվող ձևակերպումների հետ կապված խնդիրներ կային: Բանաձևի սկզբնական տեքստում խոսվում էր «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության» մասին, սակայն հայկական պատվիրակության առաջարկով այս ձևակերպմանը ավելացվեց նաև «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը: Նախորդ բանաձևում խնդիր կար նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի անվանման հետ կապված: Տեքստի մեջ օգտագործվել էր Ադրբեջանի համար նախընտրելի «վեցշաբաթյա պատերազմ» ձևակերպումը: Այս ամենը արտացոլում էր Բաքվի այն դիրքորոշումը, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված է, այլևս գոյություն չունի, և այդ եզրույթը նույնիսկ պետք է հանել շրջանառությունից:

Հունվարի 27-ին ընդունված ԵԽԽՎ բանաձևի մեջ օգտագործվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և «Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտություն» եզրույթները: Ինչպես երևում է բանաձևի տեքստում առաջարկված փոփոխությունների մասին փաստաթղթից, որը հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, ադրբեջանական պատվիրակությունը բազմաթիվ փորձեր է կատարել՝ այս երկու ձևակերպումները փոխարինելու «վեցշաբաթյա պատերազմ» ու «հակամարտություն Ադրբեջանի հետ» եզրույթներով, սակայն ձախողել է:

2021 թվականի բանաձևում նույն խնդիրը կար նաև հայ ռազմագերիների հարցում: Թե՛ 2021 թվականի, թե՛ 2022 թվականների բանաձևերում Ադրբեջանի առաջ պահանջ է դրվում ազատ արձակել Բաքվում պահվող հայ զինծառայողներին: Սակայն 2021-ի բանաձևում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գերի ընկած հայ զինծառայողները բնութագրվում են անգլերեն captive եզրույթով, որը կարելի է թարգմանել որպես կալանավոր կամ բանտարկյալ: Նոր բանաձևի տեքստի մեջ օգտագործվում է «ռազմագերի» եզրույթը: Սա կարևոր զարգացում է, քանի որ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Բաքվում պահվող հայ զինծառայողները միջազգային հանրության կողմից չընկալվեն որպես ռազմագերիներ:

Միջազգային տարբեր կազմակերպություններ էլ Ադրբեջանին չգրգռելու համար խուսափում են «ռազմագերի» եզրույթի օգտագործումից: Այսպես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գերի ընկած հայ զինծառայողներին «ազատազրկվածներ» է անվանում: Հուսանք, որ ԵԽԽՎ-ի կողմից օգտագործվող այս նոր բառապաշարը ազդակ կդառնա նաև միջազգային այլ կազմակերպությունների համար՝ ավելի համարձակ լինելու այս հարցով իրենց հրապարակային հայտարարություններում:

Հունվարի 27-ի բանաձևի 5-րդ կետի երրորդ ուշագրավ հատվածը Վեհաժողովի կոչն է հասնել Ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական լուծման ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում: Հակամարտության արդարացի ու տևական լուծման անհրաժեշտության մասին, ինչպես հիշում ենք, վերջին անգամ խոսել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում: ԵԽԽՎ բանաձևում այս ձևակերպման հայտնվելը կարևոր է այն առումով, որ ևս մեկ անգամ ընդգծվում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ձևավորված նոր ստատուս-քվոն չի կարող արդարացի համարվել, և միջազգային հանրության մոտ այդ ընկալումը կա:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական թիրախավորման պայմաններում բանաձևի մեջ ևս մեկ անգամ ընդգծվում է այդ ձևաչափի դերն ու նշանակությունը:

Ինչպես տեսնում ենք՝ հունվարի 27-ին ընդունված ԵԽԽՎ բանաձևում Ղարաբաղյան հակամարտության համատեքստում օգտագործված ձևակերպումներն ու մոտեցումները հիմնականում համապատասխանում են Հայաստանի դիրքորոշումներին: Սա Հայաստանի համար կարելի է համարել փոքր հաջողություն, որը կարող է օգտագործվել հայկական մոտեցումները ավելի փաստարված ու ծանրակշիռ դարձնելու համար:

Մեկնաբանել