Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն այսօր՝ hունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իրեն առաջադրել է որպես Հայաստանի նախագահի թեկնածու։
Խաչատրյանը նշեց, որ իր թեկնածության, առաջարկն ընդունելու և այլ մանրամասների մասին կխոսի վաղը՝ փետրվարի 1-ին, երբ գործող նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ նախագահի որոշումը կհրապարակվի։
Վահագն Խաչատրյանը նաև կողմ արտահայտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև պետք է լինի քաղաքական ներդաշնակություն։
Նա 2015-ին դեմ էր սահմանադրական փոփոխություններին, բայց այժմ նույն սահմանադրությամբ նախատեսված նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո նշում է, որ «պետք է ոչ թե օրենքները փոխվեն, այլ կառավարող մարդիկ ավելի արդյունավետ աշխատեն»։