ՍիվիլՆեթը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ CivilNetCheck-ը

ՍիվիլՆեթը ներկայացնում է իր նոր՝ փաստերի ստուգման ստորաբաժանումը՝ #CivilNetCheck-ը (ՍիվիլՆեթՉեք)։

CivilNetCheck-ի հիմնական նպատակն է պայքարել կեղծ լուրերի դեմ, բացահայտել ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները և հանրությանը դրա մասին իրազեկել։

Անկախ նրանից, թե որ պաշտոնյան, քաղաքական գործիչը, պետական մարմինը, քաղաքական ուժն է անում սխալ հայտարարություն կամ պնդում, եթե նա/այն խեղաթյուրում է իրականությունը, հանրային կարծիքը, մենք անդրադառնում ենք դրան։ Անկողմնակալությունը մեզ համար սկզբունքային է։

Մենք անդրադառնում ենք նաև լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը կամ մոլորեցնող են, մեծ տարածում են ստացել և կարող են ապակողմնորոշել հանրությանը։

Մեր ուշադրության կենտրոնում են նաև սոցիալական ցանցերն ու այնտեղ լայնարագ տարածվող գրառումներն ու հրապարակումները։

CivilNetCheck-ը զբաղվում է միայն փաստերի ստուգմամբ։ Մենք ԵՐԲԵՔ չենք անդրադառնում կարծիքների և կանխատեսումների։ Մեզ հետաքրքրում են ստուգելի փաստերը, թեև երբեմն կարող ենք ուսումնասիրել քաղաքական հռետորաբանության արմատները։

Փաստերի ստուգման միջազգային չափանիշներին համաձայն՝ մեր Ճշտաչափի միջոցով գնահատվում է հայտարարությունների ճշտության չափը։

Նպատակ ունենալով նաև պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին հաշվետու և թափանցիկ պահել՝ CivilNetCheck-ը գործարկում է Խոստմնացույց բաժինը, որի միջոցով հետևելու ենք տրված խոստումների կատարմանը։

CivilNetCheck-ի համար ոսկե կանոն է՝ եթե կեղծ լուրը չի ստացել մեծ տարածում ու ուշադրություն, մենք ինքներս երբևէ չենք գրում դրա մասին՝ չնպաստելու դրանց անտեղի շրջանառմանն ու տարածմանը։

Մեր ընթերցողները մեր գործընկերներն են։ Ակնկալում ենք, որ կեղծ լուրերի առնչվելիս՝ Դուք կհայտնեք մեզ այդ մասին։ Սիրով ու մանրամասն կուսումնասիրենք դրանք։ Ավելին՝ պատրաստ ենք ստուգել նաև այն հրապարակումները, որոնք Ձեր կասկածն են հարուցել, և կարիք կա հետաքննության։

Մենք անելու ենք առավելագույնը հանրությանը ճշգրիտ փաստեր և տեղեկատվություն մատուցելու համար։

Հետևե՛ք CivilNetCheck-ին։

Մեկնաբանել