ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու արձանագրությունը

Ազգային ժողովի նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարելու է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ։

Հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով, հրաժարականը համարվում է ընդունված՝ օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո պետք է անցկացվի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն։

«Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։

Մեկնաբանել